Երրորդ տարին անընդմեջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չկարողացավ պատշաճ կերպով դատապարտել միլիոնավոր հայերի, հույների, ասորիների, խալդերի եւ մյուս քրիստոնյաների սպանությունը՝ որպես ցեղասպանություն իր ապրիլքսանչորսյան հիշատակի ուղերձում։

«Դա Անկարայում թուրք բռնապետների սահմանած եւ Վաշինգտոնում ամերիկյան նախագահների կողմից կիրառվող «քաթ և փեյսթի» քաղաքականություն է»,- ասել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Նրա խոսքով՝ Թրամփը հերթական անգամ Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ ավտորիտար եւ գնալով ավելի հակաամերիկյան դարձող բռնապետին տրամադրեց  վետոյի իրավունք ցեղասպանության մասին ԱՄՆ ազնիվ հիշատակի հանդեպ։ Նա նշում է, որ «Ամերիկան ամեն ինչից վեր» կարգախոսի փոխարեն Թրամփն իրականացնում է «Թուրքիան ամեն ինչից վեր» քաղաքականություն Ցեղասպանության հարցում։

«Խոստանալով ընդդիմանալ քրիստոնյաների հետապնդումներին՝ նա խրախուսում է օտարերկրյա պետության լռությունը հարյուր տարի առաջ տեղի ունեցած հանցագործության մասին։ Խոստանալով վերականգնել ԱՄՆ առաջնորդությունը՝ նա դրա փոխարեն ԱՄՆ բարոյական հեղինակությունը հանձնել է օտարերկրյա բռնապետությանը։ Մենք սպասում ենք, որ ԱՄՆ Կոնգրեսը կապահովի առաջնորդությունը, որը Սպիտակ տունը չկարողացավ ապահովել»,- ասել է Համբարյանը։