Դանիացի միսիոների, Բեյրությում Ցեղասպանությունից փրկված երեխաների համար «Թռչնի բույն» մանկատան հիմնադիր Մարիա Յակոբսենի թոռը՝ Ռուբեն Ալբեշյանը– NEWS.am-ի հետ զրույցում է կիսվել է իր տատիկի մասին հիշողություններով:

Այսօր՝ ապրիլի 24-ին, Ռուբենը ծաղիկներով եկել էր Ծիծեռնակաբերդում տատիկի հուշատախտակի մոտ:

«Ամեն տարի ծաղիկներով գալիս եմ: Ես հպարտ եմ իմ տատիկով: Մենք բոլորս հպարտանում ենք նրանով, երեխաներին փրկելու գործում նրա ավանդի համար», - ասաց Մարիայի թոռը, որին բարեգթության համար «հազարավոր երեխաների մայր» էին ասում:

Ռուբենի ընտանիքը Հայաստան է վերադարձել անցյալ դարի կեսերին եւ բնակություն հաստատել Թումանյանի շրջանի Օձուն գյուղում: Գյուղում մայրը մանկապարտեզ է հիմնադրել եւ ընդհուպ մինչեւ մահն աշխատել այնտեղ: Ռուբենը տեղափոխվել է Երեւան, ունի երկու քույր:

Հայոց ցեղասպանության ինստիտուտ թանգարանի ցուցադրության մի մասը նվիրված է Մարիա Յակոբսենին: Այստեղ պահվում է նաեւ Մարիա Յակոբսենի հայտնի օրագիրը: Նրա կողմից Բեյրությում հիմնադրած մանկատունը մինչեւ այսօր գործում է:

«Սա յուրահատուկ մանկատուն է, որտեղ երեխաները չեն մոռանում իրենց ազգային պատկանելիությունը»:

«Կան Ցեղասպանության ականատեսներ, այդ թվում Մարիա տատիկը, կան փաստաթղթեր եւ փաստերը ժխտելու Թուրքիայի փորձերն անիմաստ են: Մյուս տատիկս՝ Եվան, փախել է Թուրքիայից», - պատմեց Ռուբենը: Նրա երազանքն է, որ Մարիա տատիկի անունով Երեւանում դպրոց կամ փողոց անվանեն: Լինելով դանիացի եւ լավ ընտանիք ունենալով՝ Մարիա Յակոբսենը թողել է բարեկեցիկ կյանքը եւ եկել Հայաստան, որտեղ սով եւ պատերազմ էր:

«Այսօր ես տատիկիս ծաղիկներ եմ բերել: Ինձանից հետո ծաղիկներ են բերելու իմ որդիներն ու թոռները», - թախծոտ ժպտում է Ռուբենը:

«Տատիկս միակ կինն է, որը ստացել է Դանիայի բարձրագույն պարգեւը՝ Ոսկե մեդալը»: