Այն, ինչ կատարվել է 104 տարի առաջ, հրեշավոր հանցագործություն է։ Այս մասին հայտարարել է ռուսական Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին՝ ելույթ ունենալով Մոսկվայում կայացած ամենամյա «Հիշում եմ եւ պահանջում» հանրահավաքին՝ նվիրված Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Հայ ժողովուրդը դարձավ այդ սարսափելի հանցագործության զոհը։ Քրիստոնյաներ, այլ լեզու՝ այս ամենը առաջացրեց թուրքերի ատելությունը»,- նշել է նա՝ հավելելով, որ Օսմանյան կայսրության համար հայերի մեղքն այն էր, որ թուրքերին դուր չէր գալիս, որ հանգիստ եւ խաղաղ ժողովուրդն ապրում էր իր հողում, նրանց կողքին։

«Այսօր ամենուր խնդրում են պահպանել մարդու իրավունքները, սակայն հայերին թույլ չեն տալիս վերադառնալ հայրենիք, չեն վերդարձնում հայ ժողովրդի համար սուրբ Արարատ լեռը։ Եւ դա նույնպես հանցագործություն է, որի հետ չի կարելի հաշտվել, եւ չի կարելի այդպիսի բանը մոռանալ։ Եւ ռուսների դեմ էլ այսօր նման վերաբերմունք է, Լատվիայում են մեզ ատում, Լեհաստանում»,- հիշեցրեց քաղաքական գործիչը՝ հավելելով․ «Նման բաները մեզ միավորում են։ Եւ այսօր այս հանրահավաքում հայերի առջեւ ելույթ եմ ունենում ոչ միայն ես՝ Վլադիմիր Ժիրինովսկին, այլեւ ՌԴ Պետդումայի ողջ ԼԴԿ խմբակցությունը՝ ի դեմս ինձ։ Եւ ես ձեզ խոստանում եմ՝ մենք ձեզ կպաշտպանենք, ժամանակը ձեր օգտին է աշխատում։ Եւ, այնուամենայնիվ, արդարությունը կհաղթանակի, իսկ ռուսները նույնպես չեն ների հայ ժողովրդի ցեղասպանությունը»։