Ֆրանսիայում, նախագահ Էմանուել Մակրոնի որոշման համաձայն, ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է, որի առաջին արարողությանը Փարիզում մասնակցել է վարչապետ Էդուարդ Ֆիլիպը։

Ֆրանսիայի կառավարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այդ որոշումը իրականացումն էր Մակրոնի նախընտրական խոստման, դրա մասին Մակրոնը հայտարարել էր նաեւ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին, որ տեղի էր ունեցել այս տարվա փետրվարին։

Նախագահի հրամանագիրը ստորագրվել է 2019 թվականի ապրիլի 10-ին, այն կոչված է հավերժացնել հայ ժողովրդի անմեղ զոհերի հիշատակը, որոնց սպանդն իրականացվել է Օսմանյան թուրքիայի իշխանությունների կողմից։

«Ֆրանսիան նախ եւ առաջ երկիր է, որ առերեսվում է պատմությանը, նա առաջիններից մեկն է, որ 1915 թվականի հայերի կոտորածը անվանել է ցեղասպանություն եւ ընդունել է համապատասխան օրենք։ Նախորդ շաբաթ ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր՝ ըստ այն խոստման, որ տվել էր նախագահ Մակրոնը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ 1915 թվականի ապրիլի 24-ի այդ ահավոր օրը հայ մտավորականության մոտ 600 ներկայացուցիչ ձերբակալվել է Ստամբուլում Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից եւ այնուհետեւ ուղարկվել մահվան։ Այդ տխուր օրը նշանավորում է Ցեղասպանության սկիզբը, որ խլել է բազմաթիվ մարդկանց կյանքեր։ Վարչապետ Էդուարդ ֆիլիպը մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակության առաջին արարողությանը, որը տեղի ունեցավ Փարիզի 8-րդ շրջանում՝ Կոմիտասի արձանի մոտ»,- ասված է հաղորդագրության մեջ։