Ռասիստ Ջոն Ուիլյամս Քինգը Տեխասում չորեքշաբթի մահապատժի է ենթարկվել աֆրոամերիկացի Ջեյմս Բերդին 1998-ին սպանելու համար, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Beaumont Enterprise-ին։

Նույն գործով 2011 թվականին մահապատժի է ենթարկվել Լոուրենս Ռասել Բրյուերը, իսկ երրորդ մարդասպան Շոուն Ալեն Բերին դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Քինգին մահապատժի են ենթարկել չորեքշաբթի երեկոյան ներարկման միջոցով։

1998 թվականի հունիսին երեք սպիտակամորթներն իրենց մեքենա են նստեցրել 49-ամյա Ջեյմս Բերդին։ Նրանք տղամարդուն տարել են անտառ, դաժանաբար ծեծել, միզել ու կեղտոտել նրա վրա, իսկ հետո կապել են մինի բեռնատարին ու ասֆալտով քարշ տվել։ Բերդը մահացել է կես ճանապարհին, նա գլխատվել էր՝ հարվածվելով ճանապարհի խողովակին։ Մարդասպանները նրան նետել են աֆրոամերիկացիների եկեղեցու առջեւ։

Իշխանությունները եզրակացրել են, որ աղմկալի սպանության դրդապատճառը ռասայական ատելությունն էր։