ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովը աշխատանքային խումբ կստեղծի, որը մանրամասն կքննարկի ցեմենտի ներմուծման համար պետական տուրքի սահմանման մասին օրինագիծը՝ մինչեւ ԱԺ նիստում երկրորդ ընթերցման համար դրա քննարկումը:

Այս մասին ապրիլի 25-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց  հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Նրա խոսքով, նրանք կլսեն ինչպես  ցեմենտի արտադրողների, այնպես էլ շինարարական ընկերությունների ներկայացուցիչներին, ինչպես նաեւ տնտեսագետներին:

«Աշխատանքային խմբի մեջ կմտնեն ինչպես մեր եւ այլ հանձնաժողովների պատգամավորները, այնպես էլ Կառավարության ներկայացուցիչները: Մենք նիստին կհրավիրնենք ինչպես  ցեմենտ արտադրող, այնպես էլ շինարարական ընկերությունների ներկայացուցիչներին, աուդիտորներին եւ տնտեսագետներին: Բոլոր հարցերը կքննարկվեն աշխատանքային խմբի շրջանակում», - պարզաբանեց Թունյանը:

Նա նաեւ նշեց, որ ամենասկզբից Կառավարիությունն առաջարկում էր պետական տուրք սահմանել ինչպես ցեմենտի ներմուծման, այնպես էլ դրա արտադրության հումքի համար: Սակայն ըստ պատգամավորի, քանի որ նրանք հստակ փաստարկներ չեն լսել եւ կոնկրետ տվյալներ եւ ցուցանիշներ չեն տեսել շուկայում տվյալ միջոցների հնարավոր ազդեցության վերաբերյալ, համարել են, որ ներկայումս  ցեմենտի հումքի  համար մաքսատուրքի ներդնումը նպատակահարմար չէ: Թունյանը նաեւ հավաստիացրեց, որ տվյալ օրինագիծը ոչ մեկի դեմ ուղղված չէ:

Հիշեցնենք, որ խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց օրինագծին, որով Իրանից եւ այլ երկրներից ցեմենտի նեմուծման ժամանակ մեկ տոննայի համար 22 հազար դրամի չափով տուրք է սահմանվում: Սակայն դա չէր բավարարել ԲՀկ պատգամավորներին, որոնք պահանջել էին տուրքեր սահմանել նաեւ կլինկերի ներմուծման համար:

Այս առաջարկն իր հերթին առաջացրել էր «Իմ քայլը» պատգամավորների դժգոհությունը, որոնք  դրանում շուկայի մենաշնորհացման  ակնհայտ փորձ էին տեսել: