Կառավարությունն այսօր՝ ապրիլի 25-ի իր նիստում որոշեց 50 տոկոսով համաձայնել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարել եւ հանել բացառություն կազմող կրեդիտավորման պայմանագրերի ներքին եւ վերին շեմերը՝ համապատասխանաբար 100 հազար դրամ եւ 10 մլն դրամ:

Հարցը ներկայացրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ նշելով, որ այսօր արդեն ԱԺ-ում շրջանառության մեջ է գտնվում Կենտրոնական բանկի մշակած կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացված նախագիծը, որով նախատեսվում է այդ օրենքից հանել մինչեւ 100.000 ՀՀ դրամի վարկերի վրա Օրենքի դրույթները չտարածելու մասը:

Ինչ վերաբերվում է 10.000.000 մլն դրամը գերազանցող սպառողական վարկերի վրա Օրենքի դրույթների տարածմանը, ապա հարկ է նշել, որ նշված սահմանափակման իմաստն այն է, որ 10.000.000 մլն դրամից բարձր վարկերը, ըստ էության, սպառողական վարկեր չեն եւ հիմնականում ունեն առեւտրային կամ սպառման հետ չկապված այլ նպատակ։

Բացի դրանից, նման վարկեր ստացող անձինք հիմնականում ունեն բավարար կարողություններ՝ ֆինանսական գիտելիքներ, խորհրդատուներ, տեղեկատվության գնահատման այլ ենթակառուցվածքներ, որոնք հնարավորություն են տալիս ամբողջությամբ գնահատել վարկավորման ռիսկերը։

Տեղին է նշել, որ նախագծի հեղինակները հիմնավորման մեջ նշել են նախագծի միայն փոքր վարկերի վրա սպառողական օրենսդրության դրույթները կիրառելու նպատակը։

Ամփոփելով՝ Ջանջուղազյանը առաջարկեց ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի քննարկումից եւ, անհրաժեշտության դեպքում, նախագծի դրույթներին անդրադառնալ վերը նշված Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած օրենքի նախագծի քննարկումների շրջանակներում: