Սուդանը կարող է բախվել հակահեղաշրջման, եթե զինվորականներն ու ընդդիմությունը իշխանության փոխանցման հարցում համաձայնության չգան: Այս մասին Reuters գործակալությանն ասել է Սուդանի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ «Ալ Ումմա» («Ազգ») կուսակցության ղեկավար Սադիկ ալ Մահդին:

Ալ Մահդին կարծում է, որ Ռազմական խորհուրդը իշխանությունը քաղաքացիականին կփոխանցի, եթե հաջողվի դուրս գալ ներկայիս փակուղային վիճակից: Նա նաեւ հայտնել է, որ նախագահի պաշտոնին առաջադրվելու հնարավորությունը կդիտարկի միայն ընտրությունների ժամանակ, բայց ոչ անցումային ժամանակաշրջանում:

Ապրիլի 11-ին երկրում տնտեսական ծանրագույն վիճակի ֆոնին մի քանի ամիս ընթացող բողոքի ցույցերից հետո բանակը իշխանությունից հեռացրել էր Սուդանում 30 տարի իշխանավարած նախագհ Օմար ալ Բաշիրին եւ պետության կառավարումն իր ձեռքը վերցրել՝ արձակելով խորհրդարանը, կասեցնելով սահմանադրության գործողությունը եւ անցումային ժամանակաշրջանի համար Ռազմական խորհուրդ ստեղծելով:

Սուդանի անցումային Ռազմական խորհուրդը եւ ընդդիմությունը՝ ի դեմս «Հանուն ազատության եւ փոփոխությունների» դաշինքի, պայմանավորվել էին վիճելի հարցերի լուծման համար համատեղ կոմիտե ստեղծել: Այս մասին հայտարարվել էր նախագահական պալատում բանակցություններից հետո, որոնց արդյունքներով ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները եւ Ռազմական խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Շամս ադ Դին Քուբաշին հանդես էին եկել մամուլի համար հայտարարությամբ: Քուբաշիի խոսքով՝ կողմերը կարող էին «շփման կետեր» գտնել: Ընդդիմության ներկայացուցիչներն, իրենց հերթին, «դրական» էին գնահատել Խորհրդի հետ հանդիպումը եւ նշել քաղաքացիական բնակչության պաշտպանության գործում զինված ուժերի դերը:

Մի քանի օր առաջ անցումային ռազմական իշխանությունների եւ Սուդանի հեղափոխական ուժերի երկխոսությունը փակուղի էր մտել: Ընդդիմադիրների խոսքով՝ իրենք որոշել են բանակցությունները դադարեցնել՝ նկատի ունենալով դրանց ոչ արդյունավետությունը, իրենք նախկինի պես հանձնառու են իշխանությունը քաղաքացիական կառավարությանը փոխանցելու անհրաժեշտությանը, պահանջում են երկրում միակուսակցական համակարգի ամբողջական վերացում եւ բազմակուսակցականության զարգացում: Դրանից բացի, համոզված են, որ իշխանության լիարժեք փոխանցման համար առնվազն 4 տարի է պետք, այլ ոչ թե 2, ինչպես նախապես հայտարարել էին զինվորականները: