Ինչո՞ւ է ՀՀ արտաքին գործերի նախարարը հայտարարում, թե առանց նախապայմանների պատրաստ ենք հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բա արժանապատվությունն ո՞ւր մնաց։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հայկ Ա. Մարտիրոսյանը։

Նա խորհուրդ տվեց ուշադրություն դարձնել նախօրեին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի խայտառակ հայտարարությանը այն մասին, որ մենք շարունակում ենք առանց նախապայմանների Թուրքիայի հետ շփման պատրաստ լինել. «Բա արժանապատվությունն ո՞ւր մնաց։ Դուք կարդո՞ւմ եք Թուրքիայի նախագահի թվիթերը։ Առաջ էինք անարժանապատիվ, հիմա՞ էլ։ Կառավարությունից արժանապատիվ հայտարարություններ կարող են միայն վարչապետն ու պաշտպանության նախարա՞րն անել»։

Քաղաքագետը կարծում է՝ սա քաղաքականության խնդիր է. «Բայց արտաքին գործերի նախարարին չեմ ցանկանում մեղադրել։ Նա որեւէ քաղաքականություն չի մշակում, նա ընդամենը խոսնակ է, ընդ որում՝ շատ զգույշ խոսնակ։ Սա քաղաքականության խնդիր է։ ԱԳ նախարարը նաեւ հայտարարեց, որ ցավոք սրտի բացասական ազդակներ են գալիս Թուրքիայից, իսկ ի՞նչ ազդակներ էիք սպասում»։

Նա անդրադարձավ նաեւ հարցին, թե ինչու ՌԴ–ն ու Հունաստանը Հայոց ցեղասպանության մասով ապրիլի 24–ին հայտարարությամբ հանդես չեկան. «Ռուսաստանը Հայոց ցեղասպանության կապակցությամբ որեւէ հայտարարությամբ հանդես չեկավ, որովհետեւ նրա ամենամերձավոր դաշնակիցը Թուրքիան է։ Պաշտոնական Մոսկվան անգամ ցեղասպանություն բառը չօգտագործեց, կարծում եմ՝ Երեւանը պետք է արձագանքեր, քանի որ Պետդուման ճանաչել է, այսինքն՝ Ռուսաստանը պետական մակարդակով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»։

Հունաստանի մասով քաղաքագետը նշեց, որ խորքային պրոցեսներ են ընթանում այնտեղ. «Մի կողմից Թուրքիայի հետ մերձեցման միտումներ են նկատվում, մյուս կողմից կոնֆլիկտի սրացում։ Հույն–թուրքական հարաբերություններում շատ անորոշ վիճակ է, եւ կարծում եմ՝ նախընտրել են ռիսկի չդիմել։ Կարելի է նաեւ դա կապել նրա հետ, որ ՀՀ ղեկավարությունից Պոնտոսի հույների ցեղասպանության մասին որեւէ հայտարարություն չեն արել, բայց Հունաստանում պետք է հասկանան, որ դա անփութության հետեւանք է»։

Հայկ Ա. Մարտիրոսյանն անընդունելի է համարում Թուրքիայի հետ սահմանների բացումը. «Մենք պետք է համարենք, որ այդտեղ ունենք Սահարայի անապատի պես ինչ–որ տարածք, որովհետեւ սահմանների բացում կնշանակի Հայաստանի կործանում, դա մի պատ է, որը մեզ պաշտպանում է։ Այսօրվա իրավիճակում, երբ կան ԻՊ–ի մնացորդներ, որոնք ցրված են Մերձավոր Արեւելքում, եւ պատերազմ է սպասվում Հայաստանին, սահմանների բացման մասին խոսելը չգիտեմ ինչ ոլորտից է»։

Խոսելով շրջանառության մեջ դրված այն թեզի մասին, թե պետք չէ պահանջատեր լինել, պետք է այնքան հզորանալ, որ Թուրքիան մեզ հետ հաշվի նստի, նա խայտառակ որակեց այդ թեզը եւ շեշտեց, որ դրա ժամանակը չունենք։ «Կա՞ որեւէ մեկը, որ մտածում է Հայաստանը կարող է այնքան հզորանալ, որ Թուրքիան հաշվի նստի Հայաստանի հետ։ Նման բան անհնար է 200 տարի հետո էլ։ Չպետք է ֆիքսվենք ճանաչման գործընթացի վրա եւ առաջ տանենք մեր օրակարգը՝ այն է պահանջատիրությունը»։