Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը խնդրել է ԱՄՆ-ին տեղեկացնել Վլադիվոստոկում բանակցությունների արդյունքների մասին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ռուսաստանի դիրքորոշումը միշտ բաց է, ոչ մի դավադրություն չկա։ Ավելին, Հյուսիսային Կորեայի առաջնորդը ինքն է խնդրել մեզ ամերիկյան կողմին տեղեկացնել իր դիրքորոշման մասին, այն հարցերի մասին, որոնք առաջ են գալիս այն գործընթացների հետ կապված, որոնք տեղի են ունենում Կորեական թերակղզում, այն ամենի հետ կապված, ինչ կատարվում է նրա շուրջ։ Այստեղ ոչ մի գաղտնիք չկա»,- լրագրողներին ասել է Պուտինը։

Պուտինը տեղեկացրել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ քննարկել է Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ երկաթուղու անցկացման նախագիծը՝ կապված Ռուսաստանի հետ։

«Մենք խոսում ենք այդ մասին ոչ առաջին տարին։ Դա նաեւ ուղիղ հաղորդակցություն է Կորեական թերակղզու հարավի ու հյուսիսի հետ՝ Տրանսսիբ ելքով։ Խողովակաշարային տրանսպորտի անցկացման, գուցե նավթի ու գազի մասին խոսելու հնարավորություն»,- ասել է Պուտինը բանակցությունների արդյունքների հիման վրա։

Նա նաեւ ավելացրել է, որ կարելի է խոսել նաեւ էլեկտրագծերի անցկացման հնարավորության մասին։

«Այդ ամենը հնարավոր է։ Ավելին, իմ կարծիքով, դա նաեւ Կորեայի Հանրապետության շահերից է բխում։ Բայց կա ինքնիշխանության տեսանելի պակաս վերջնական որոշումներ կայացնելիս, կան դաշնակցային պարտավորություններ Կորեայի Հանրապետության կողմից որոշումներ ընդունելիս, ԱՄՆ-ի առջեւ՝ այդ թվում, ուստի որոշակի պահի ամեն բան կանգ է առնում»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Նրա կարծիքով, եթե այդ նախագծերը եւ դրանց նման այլ քայլերն իրականացվեն, դա կստեղծի վստահության բարձրացման անհրաժեշտ պայմաններ, որն անհրաժեշտ է արմատական խնդիրների լուծման համար։