Ինչ է նշանակում Արցախի հարցի լուծում, մենք չե՞նք լուծել այդ հարցը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հայկ Ա. Մարտիրոսյանը։

«Ժամանակն  է հասկանալ՝ ի՞նչ է նշանակում Արցախի հարցը լուծել։ Իսկ ինչ հարց կա Արցախում։ Այսինքն, որ մեր պարտված թշնամին ճանաչի մեր հաղթանակը, դրա դիմաց ստանա՞ հաղթանակից մի բան։ Չե՞նք լուծել Արցախի հարցը»,–նշեց նա։

Քաղաքագետը վստահ է ՝ Հայաստանը պետք է ունենա տարածքային պահանջներ իր երկու հարեւաններից. «Դուք երբեւէ լսել եք, որ Իսրայելը  ասի պիտի Գոլանի հարցը լուծենք։ Ընդ որում Գոլանը որեւէ կերպ չի եղել Իսրայելի մաս, որեւէ կերպ չի ճանաչվել միջազգային հանրության կողմից։ Ասեմ ձեզ՝ միջազգային հանրություն էլ գոյություն չունի, չկա միասնական մարմին։ Հարցը լուծված է Հայաստանի համար։ Կա չլուծված Նախիիջեւանի, Մարտունաշենի, Արծվաշենի եւ տարբեր չլուծված հարցեր։ Հայաստանը պետք է ունենա տարածքային պահանջներ իր երկու հարեւաններից։ Հայաստանը որպես իրեն հարգող պետություն պետք է ունենա նման պահանջներ։ Սակայն դեռ իրեն չի հարգում»։

Նա շեշտում է՝ Արցախի անկախությունը ճանաչելու օրակարգը մոլորություն է. «Մենք ինչի ենք ձգտում՝ ենթադրենք Ադրբեջանը Արցախը ճանաչեց անկախ պետություն, որը մեր մեկ այլ տխմարության գագաթնակետն է։ Դրանից հետո ինչի հույս ունենք՝ Ադրբեջանի հետ եղբայրություն ենք անելու, աղջիկ ենք տալու, աղջիկ ենք առնելու, Բաքվի շուկայում առեւտուր ենք անելու, կասպից ծովի ափին հանգստանալու ենք, իրենք գալու են ներդրումներ են անելու։ Լավ կարելի է այս կարգի հիմարության մեջ այդքան համոզված լինել։ Դրա մեղավոր Լեւոն Տեր–Պետրոսյանն է, որն իրեն վերարտադրել է ի դեմս Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ սարգսյանի վերարտադրվել է եւ ոչ ոք այդ հիմար թեզերը չի մերժել»։