Ֆրանսիան թույլ չի տա ստի եւ ճնշման միջոցով ազդեցություն գործել իր վրա։ Այս մասին ապրիլի 24-ին Փարիզում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը՝ արձագանքելով ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու Թուրքիայի մեղադրանքներին, փոխանցում է France24-ը։ Ֆրանսիայի վարչապետը ծաղիկներ է դրել Կոմիտաս վարդապետի հուշարձանին:

«Ֆրանսիան մտադիր է նպաստել Հայոց ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ հանցագործության ճանաչմանը։ Մեզ վրա ոչ ոք չի կարող ազդեցություն գործել ստի եւ ճնշման միջոցով, քանի որ մեր նպատակը պատմական ճշմարտության հաստատումն է»,–նշել է Ֆրանսիայի վարչապետը։

Նշենք, որ  Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի որոշմամբ՝ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր է հռչակվել: