Ապրիլի 24-ին Հնդկաստանի առաջատար Ջավահառլալ Ներուի անվան համալսարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թեմայով համաժողով, որը կրում էր «Հիշողության քաղաքականությունը Հայաստանում» խորագիրը։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԳ լրատվական ծառայությունից։

Համաժողովին մասնակցում էին Ներուի անվան համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության, Դելիի մտավորականության, տեղի հայ համայնքի, ինչպես նաև Հնդկաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ։

Համաժողովը բացեց և Հայոց ցեղասպանության թեմայով ելույթ ունեցավ համալսարանի ռեկտոր պարոն Չինթամանի Մահապատրան։ Այնուհետև ելույթով հանդես եկավ Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը։ Վերջինս ներկայացրեց Հայոց ցեղասպանության հիմնահարցի պատմական և աշխարհաքաղաքական ասպեկտները, ինչպես նաև՝ ցեղասպանության հետևանքների հաղթահարման Հայաստանի մոտեցումները։

Ելույթներ ունեցան նաև Ներուի անվան համալսարանի Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետազոտությունների կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Փուլ Բադանը, պրոֆեսոր Ամիթաբ Սինգհը, ով վերջերս այցելել էր Հայաստան և դասախոսությամբ հանդես եկել Երևանի պետական համալսարանում և Հայաստանի դիվանագիտական ակադեմիայում, գրող-հրապարակախոս Սուման Քեշարին, Հայկական մշակութային կենտրոնի ղեկավար Գայանե Մովսիսյանը, «BBC - Հնդկաստան» լրատվամիջոցի լրագրող Սատիշ Ջակոբը, ճանաչված «Hans» հինդի գրական ամսագրի խմբագիր Սանջայ Սահայը և այլոք։

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ մոմավառություն՝ նվիրված Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։