Մայիսի 1-ից Հարավային Կորեայի իշխանությունները զբոսաշրջիկների համար հասանելի կդարձնեն Հյուսիսային Կորեայի սահմանին Փհանմունջոմ անցակետում Միացյալ անվտանգության գոտի այցելությունը: Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Տուրիստական այս ուղղությունը 2018 թվականի հոկտեմբերից փակ էր կողմնակի անձանց այցելությունների համար, երբ Հյուսիսն ու Հարավն այնտեղ ականազերծման աշխատանքներ էին կատարում եւ ըստ սեպտեմբերին ստորագրված ռազմական լարվածության նվազեցման մասին համաձայնագրի՝ երկու տասնյակ պահակակետեր հանում:

Այդ ժամանակ կորեական երկու պետությունները պայմանավորվել էին վերագործարկել Փհանմունջոմ տուրերի ծրագրերը եւ այցելուներին թույլ տալ ազատ տեղաշարժվել սահմանի ինչպես հարավային, այնպես էլ հյուսիսային կողմում: Սակայն Սեուլը, Փհենյանը եւ Վաշինգտոնն առայժմ չեն կարողացել համաձայնեցնել բոլոր մանրամասները, ուստի զբոսաշրջիկներին թույլ կտան այցելել միայն հարավկորեացի եւ ամերիկացի զինվորականների համատեղ վերահսկողության հատված:

«Միջկորեական առաջին գագաթնաժողովի մեկամյակի կապակցությամբ կառավարությունը մայիսի 1-ից սկսած Միացյալ անվտանգության գոտու հարավային հատվածը կբացի քաղաքացիների այցելությունների համար»,- նշել են նախարարությունից: Այդ պահից սկսած զբոսաշրջիկներին հասանելի կլինեն Փհանմունջոմում գտնվող ավելի մեծ թվով պատմական վայրեր: Եթե նախկինում նրանք կարող էին միայն այցելել ռազմական բանակցությունների երկնագույն տաղավարներ, հիմա կարող են տեսնել ծառը, որն անցյալ տարվա մայիսի 27-ին միասին տնկել են Հյուսիսային եւ Հարավային Կորեաների առաջնորդները, ինչպես նաեւ կքայլեն հետիոտնի կամրջով, որի վրա Մուն Չժե Ինը եւ Կիմ Չեն Ընը դեմ առ դեմ կես ժամ զրուցել են:

Հարավային Կորեայի քաղաքացիները կարող են Միացյալ անվտանգության գոտի տուրի հայտը ձեւակերպել Ազգային հետախուզության ծառայության կայքում, իսկ արտասահմանցիները՝ հավատարմագրված տուրիստական գործակալությունների միջոցով:

Կորեական երկու պետությունների սահմանին Փհանմունջոմում Միացյալ անվտանգության գոտին ՄԱԿ հրամանատարության իրավազորության ներքո է, որն, ըստ էության, նեկայացնում են ամերիկացի զինվորականները: Այն ստեղծվել է 1950-53 թվականների Կորեական պատերազմի ավարտից հետո: Սա սահմանին միակ վայրն է, որտեղ հյուսիսկորեացի եւ հարավկորեացի զինվորականները ծառայություն են կրում միմյանցից մի քանի մետր հեռավորությամբ: Նախկինում այս գոտում բազմիցս տեղի են ունեցել ռազմական միջադեպեր, վերջինը՝ 2017 թվականի նոյեմբերին: