Ապրիլի 26-ին Երեւանում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների միջեւ բազմակողմ միջգերատեսչական խորհրդատվություններ` «Փոխշահավետ տնտեսական համագործակցության ոլորտում ինտեգրացիոն գործընթացների հեռանկարների խորացման եւ ընդլայնման մասին» թեմայով:

ԱԳՆ-ից NEWS.am_ին հայտնում են, որ Խորհրդատվություններին մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից եւ ԱՊՀ գործադիր կոմիտեից:

Հանդիպման մասնակիցները քննարկեցին ԱՊՀ բազմակողմ տնտեսական համագործակցության ոլորտում ինտեգրացիոն գործընթացների խորացման եւ ընդլայնման հետ կապված հարցեր:

Խորհրդատվությունների ժամանակ քննարկվեցին ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն տնտեսական գործընթացներին առնչվող հարցեր, մասնավորապես՝ ԱՊՀ եւ Եվրասիական տնտեսական միության գործունեության համադրումը տնտեսական համագործակցության համատեքստում: Խորհրդատվությունների մասնակիցներն անդրադարձան 2018թ. նոյեմբերի 27-ին ԱՊՀ գործադիր կոմիտեի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ փոխգործակցության խորացման մասին հուշագրի  ստորագրմանը:

Միեւնույն ժամանակ ընդգծվեց հետագա համագործակցության կարեւորությունն արտաքին առեւտրի, թվային տնտեսության, մաքսային կարգավորման, տրանսպորտի եւ փոխադրման ներուժի արդյունավետ օգտագործման, էներգետիկայի, պետական գնումների, սպառողների շահերի պաշտպանության, հարկային քաղաքականության եւ վարչարարության, մրցակցային քաղաքականության եւ հակամենաշնորհային, ինչպես նաեւ անասնաբուժական, սանիտարական եւ ֆիտոսանիտարական ոլորտներում: