Կանադայում Քվեբեկի համալսարանի եգիպտագետները եկել են այն եզրահանգման, որ մինչ Թութանհամոնը գահ կբարձրանար, Եգիպտոսում թագավորել են նրա երկու քույրերը՝ հայտնում է Phys.org-ը։

Հետազոտողները վերլուծել են Թութանհամոնից առաջ Եգիպտոսը ղեկավարած թագուհու 1922թ․ հայտնաբերված դամբարանի խորհրդանշանները եւ եկել են այն եզրակացության, որ այն կարող էր լինել ոչ թե Նեֆերտիտին, ինչպես համարվում էր նախկինում, այլ Էխնատոն փարավոնի հետ ամուսնությունից նրա դուստրերը՝ Մերիտատոն եւ Նեֆերնեֆրուատոնը։ Նրանք կարող էին երկիրը մեկ անվան ներքո ղեկավարել։  

Մասնագետների խոսքերով, նրանք գրավել են իշխանությունը Էխնատոնի մահվանից հետո, իսկ Թութանհամոնն այդ ժամանակ 4-5 տարեկան է եղել։

Էխնատոնը իր առաջին կնոջ՝ Նեֆերտիտիի հետ ամուսնությունից ունեցել է վեց դուստր։ Որոշ եգիպտագետներ նախկինում էլ համարում էին, որ փարավոնը կարող էր ինտիմ հարաբերությունների մեջ լինել իր դուստրերից ոմանց հետ, որպեսզի արական սեռի ժառանգորդ ունենար, որին չէր կարողացել ծնել Նեֆերտիտին։ Սակայն այդ տեսակետը վիճելի է համարվում այլ գիտնականների կողմից։

Թութանհամոնը Հին Եգիպտոսում թագավորել է մոտ 1332-1323թթ․ մ․թ․ա․։ Նա գահ է բարձրացել 10 տարեկանում եւ մահացել 19 տարեկանում։ Թութանհամոնի դամբարանը հայտնաբերվել է 1922թ․։ Այնտեղ գտնվել է սարկոֆագ, որի մեջ եղել է փարավոնի մումիացված մարմինը, ինչպես նաեւ՝ բազմաթիվ զարդեր։