ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ քիչ առաջ որոշում կայացրեց մերժել «Սպայկա» ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքն ու նրան գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Ղազարյանի փաստաբանական թիմի անդամ Արսեն Սարդարյանը։ Նա նշեց, որ իրենց վստահորդի հետ քննարկելուց հետո գործի հետ կապված մամլո ասուլիս կհրավիրեն։

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՊԵԿ քննչական վարչության քննիչի միջնորդությունը և «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացրել։

2019 թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չկատարելը):

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ։