Այն աղբյուրը եւ այն լրատվամիջոցը, որն առաջինը կտեղադրի կաշառք վերցնելու տեսանկութը, խոստանում եմ ձեռքս իրենց լրատվամիջոցում էքսկլյուզիվ կտրել:  Այդ մասին այսօր՝ ապրիլի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանը:

Սանասարյանը վստահություն հայտնեց, որ կաշառք վերցնելու տեսանյութի թեման հակահեղափոխականների ձեռքի գործն է. «Վստահ եմ, որ սա հակահեղափոխական հենք ունեցող ապատեղեկատվություն է: Նրանք տեսնում են, որ կա ինձ վստահողների մեծ բանակ, որոնք չեն հավատում, որ ես որեւէ կապ կարող եմ ունենալ կոռուպցիայի հետ, մանսակից լինել կոռուպցիոն դրսեւորումների: Որոշների տարբեր մասերը մրմուռ է գալիս դրանից, բայց  ոչինչ մենք սովոր ենք, ես անձամբ սովոր են նման վիճակներին եւ ներողամտությամբ եմ վերաբերվում: Ես վստահ եմ, որ տեսանյութ չկա, եւ չի էլ կարող նման տեսանյութ լինել»:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով. այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը:

Ըստ ԱԱԾ-ի՝ քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Դավիթ Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից միաժամանակ որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։