Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախի բնակիչներին օգտվել Արցախում գործող օդանավակայանից՝ դրանով իսկ խախտելով հանրապետության բնակիչների ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Այս մասին ապրիլի 30-ին Հայաստանի խորհրդարանի մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Նա նշել է, որ Բաքվի մեղքով Արցախի բնակիչները զրկված են Սարսանգի ջրամբարից օգտվելու հնարավորությունից։ «Թեեւ հենց ադրբեջանական կողմն է ավելի հաճախ ու ավելի բարձրաձայն բարձրացնում այս հարցը, բայց Ադրբեջանի մեղքը Սարսանգի շահագործման հարցում բավական մեծ է»,- ասել է օմբուդսմենը՝ պարզաբանելով, որ ջրամբարի ջրերի վերահսկողությունը, ըստ էության, տեղի է ունենում միաժամանակ երկու կողմից, եւ ադրբեջանական կողմի մեղքով, որի վերահսկողության ներքո է գտնվում նրա ջրանցքի առավել կարեւոր մասը, որը թույլ է տալիս ջրամբարից ջրառ կատարել նրա հետագա բաշխման համար հայկական եւ ադրբեջանական գյուղական վայրերին, դա տեղի չի ունենում։

Բեգլարյանը փաստել է, որ Բաքուն չի ցանկանում համագործակցել իրենց հետ այս հարցով, թեեւ հակառակ դեպքում ավելի շատ կշահեին իրենք՝ ադրբեջանցիները, քանի որ այդ ջրի մոտ 70-80 տոկոսը գնում է հենց ադրբեջանական գյուղեր։ «Նրանք, ըստ էության, խախտում են իրենց իսկ՝ Ադրբեջանի քաղաքացիների իրավունքները, էլ չեմ ասում մեր գյուղաբնակների իրավունքների մասին»,- ամփոփել է Արտակ Բեգլարյանը։