Ապրիլի 30-ին Երեւանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում օրակարգի բոլոր 13 հարցերով պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Այս մասին նիստի արդյունքներով ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Խնդրահարույց հարցերի թվում նա առաջին հերթին մատնանշել է արգելքներն ու սահմանափակումները, որոնք թույլ չեն տալիս ընդհանուր շուկաներ ձեւավորել։ Նրա խոսքերով, ամեն եռամսյակ վարչապետներին ներկայացվում են հաշվետվություններ այն իրավիճակի մասին, որը առաջանում է ընդհանուր շուկաներում։ Դա կատարվում է այն նպատակով, որպեսզի բիզնեսի եւ խոչընդոտների վերացման համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեն։ Ցավոք, արձանագրվել է, որ խնդիրը այսօրվա դրությամբ լուծված չէ ու անհրաժեշտ է վարչապետների քաղաքական կամքը, որպեսզի «Սպիտակ գրքում» նկարագրված արգելքները, որոնք մոտավորապես 65-ն են, վերացվեն։ Ինչպես նաեւ մշակվել են այդ արգելքների հաղթահարման «ճանապարհային քարտեզներ», անհարաժեշտ է, որ բոլոր կառավարությունները վերահսկողության տակ վերցնեն այդ հարցերը, որպեսզի հնարավոր լինի վերացնել արգելքները։  

Այնուհետեւ Տիգրան Սարգսյանը նշել է հակադեմփինգային հետաքննության կոլեգիայի գործառույթները։ «Մասնավորապես, մենք անցկացրել ենք հակադեմփինգային հետաքննություն՝ ԵՏՄ տարածքում հերբիցիդներ արտադրողների շահերը պաշտպանելու նպատակով։ Մի քանի եվրոպական ընկերություններ դեմփինգային քաղաքականություն են վարել այն բանի համար, որպեսզի մեր շուկան հայտնվի նրանց ձեռքերում։ Հետաքննությունն անցկացվել է, սակայն հայտնվել է վետո, որը մեզ խանգարել է իրականացնել այդ իրավունքը, եւ մենք բավարարվածությամբ նշում ենք, որ այսօր մեզ հաջողվել է փոխզիջումների գալ այդ հարցի վերաբերյալ, եւ կոլեգիայի որոշումը կգործի»,- հայտնել է Տիգրան Սարգսյանը։

Հաջորդ հարցը վերաբերում էր շաքարին, որը ներկրվում է ազատ տնտեսական գոտիներ, այնուհետեւ ապրանքներն ընկնում են ընդհանուր շուկա։ Դրանով իսկ խախտվում են հավասար մրցակցային պայմանները։ Այստեղ եւս հաջողվել է փոխզիջման հանգել՝ հաջորդ տարվա հունվարի 1-ից շաքարը կլինի այն ապրանքների ցուցակում, որոնք չպետք է ընկնեն ազատ տնտեսական գոտիներ։

Կարգավորվել է շուկաները ըստ ոլորտների փակելու իրավունքի հարցը՝ ընդունվել է փոխզիջումային որոշում այն մասին, որ պետությունները նման իրավունք չունեն, իսկ որոշումները պետք է ընդունվեն պահանջները խախտող կոնկրետ ձեռնարկությունների վերաբերյալ։

«Հարցերի երկրորդ խումբը ուղղված է ԵՏՄ-ի զարգացմանը։ Մասնավորապես, էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերին վերաբերող Հայաստանի նախաձեռնությունը հավանություն է ստացել եւ մշակվում է թվային գրասենյակի կողմից, այսինքն Հայաստանի փորձը տարածվում է ողջ ԵՏՄ-ում։ Մենք հաստատել ենք միասնական պատուհանի օրինակելի մոդելը։ Դա սկզբունքորեն կարեւոր նշանակություն ունի, եւ եթե բոլոր մասնակից երկրները ձեւավորեն միասնական պատուհան, դա կնշանակի, որ պետությունները բիզնեսի համար ավելի հարմարավետ ձեւով են տրամադրում իրենց ծառայությունները։ Այս հարցով եւս պայմանավորվածություն կա։ Առաջին թվային նախագծի թողարկումը լուծում է կորպորացիաների խնդիրը, պաշտպանում է փոքր եւ միջին բիզնեսի շահերը, հսկայական քանակի ծախսեր է հանում»,- նշել է Տիգրան Սարգսյանը։

«Թվային օրակարգի հարցով այսօրվա որոշումը թույլ է տալիս հայտարարել այն մասին, որ ԵՏՄ շրջանակներում առաջին անգամ ձեւավորվում է թվային էկոհամակարգ, որը թույլ կտա մեր երկրներին իրականացնել իրենց թվային ինքնիշխանությունը։ Մենք ինքներս կունենանք սեփական թվային եվրասիական հարթակ»,- հայտնել է Սարգսյանը։