2018 թվականին Հայաստանում 38-40 տարում սպանությունների ամենացածր ցուցանիշն է գրանցվել։ Այս մասին մայիսի 2-ին ԱԺ-ում Պետաիրավական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաշվետվության քննարկման ժամանակ ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նրա խոսքով՝ 2018 թվականին Հայաստանում գրանցվել է ընդամենը 38 սպանություն։ «Եթե համեմատենք այդ ցուցանիշը 1990-ական թվականների եւ անգամ 1980-ականների հետ, ապա մենք կարող ենք վստահաբար ասել, որ վերջին 38-40 տարում դա եղել է լավագույն ցուցանիշը»- պարզաբանել է Դավթյանը։

Նա նշել է, որ սպանությունների նման ցուցանիշներ գրանցվել են միայն անցած դարի 80-ականներին՝ պարզաբանելով, որ այն ժամանակ այդ թվերը տատանվում էին միջինը 40-60-ի միջեւ։ «Իսկ արդեն 1990 եւ 1991 թվականներին մենք արդեն սպանությունների լուրջ աճ գրանցեցինք։ Խոսքը 360-380 սպանությունների մասին է։ Այդ աճը շարունակվեց մինչեւ 1998 թվականը։ Դրանից հետո մեզ մոտ արդեն եռանիշ չափմամբ սպանություններ չկային։ Սկսվեց անկման միտում, եթե չվերցնենք առանձին ժամանակաշրջաններ»,- նշել է Արթուր Դավթյանը։

Գլխավոր դատախազի հավաստամբ, էապես կրճատվել է առողջությանը ծանր վնասի հասցման եւ ավազակային հարձակումների դեպքերի թիվը։