Beeline-ը հայտարարում է vPBX (Վիրտուալ ԱՀԿ) ծառայությունից օգտվող կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված նոր կոնվերգենտ առաջարկի գործարկման մասին։

Դառնալով vPBX ծառայության նոր սակագնային փաթեթների բաժանորդ՝ հաճախորդները կարող են մեկ փաթեթով միացնել Beeline-ի ֆիքսված ձայնային կապի եւ ինտերնետի ծառայությունները եւ դրանց համար վճարել մեկ հաշվով ու ավելի շահավետ գնով։

«Beeline-ն այժմ Երեւանում իրականացնում է ֆիքսված ցանցի արդիականացում, ինչը մեզ թույլ  է տալիս հաճախորդներին արդեն առաջարկել ձայնային կապի ավելի բարձր որակ եւ գերարագ VDSL ինտերնետ՝ մինչեւ 100 ՄԲ/վրկ․ արագությամբ։ Մեր կորպորատիվ գործընկերներին ուրախ ենք առաջարկել կոնվերգենտ լուծում, որը թույլ կտա օգտվել ոչ աշխարհագրական 060 կոդով տրամադրվող վիրտուալ հեռախոսակայանի եւ գերարագ ինտերնետի բոլոր առավելություններից՝ շահավետ գնով եւ վճարման հարմար եղանակով», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Վիրտուալ ԱՀԿ-ն համալիր լուծում է՝ գրասենյակներում հեռախոսակապի արագ կազմակերպման համար` առանց թանկարժեք սարքավորումների եւ լարերի տեղադրման։ Վիրտուալ ԱՀԿ-ն թույլ է տալիս ստանալ ոչ աշխարհագրական հեռախոսահամար եւ անսահմանափակ քանակությամբ ներքին համարներ, մշակել միաժամանակ մինչեւ 100 մուտքային զանգ, կարգավորել ձայնային ողջույնը եւ զանգերի խելացի բաշխումը` բաժինների, աշխատակիցների կամ տարածաշրջանների միջեւ։ Վիրտուալ ԱՀԿ-ն թույլ է տալիս նաեւ վիճակագրություն հավաքել եւ վերլուծել աշխատակիցների աշխատանքի եւ գովազգային արշավների արդյունավետությունը։