Չինաստանի իշխանությունները կարող են սկսել արտասահմանում նոր ռազմաբազաներ ստեղծել՝ իրենց տնտեսական նախագծերի անվտանգության ապահովման համար: Համապատասխան ենթադրություն է պարունակվում Պենտագոնի՝ Չինաստանի ռազմական ներուժի մասին զեկույցում, այս տվյալները հետագայում կներկայացվեն Կոնգրեսին, փոխանցում է ՌԲԿ-ն:

Զեկույցը հաջորդել է Պեկինի կողմից իր արկտիկական քաղաքականության վերաբերյալ «Սպիտակ գրքի» առաջին պաշտոնական հրապարակմանը: Չինաստանն այս փաստաթղթում շարադրել է նավագնացության ուղիների զարգացման ծրագրերը, որոնք բացվել են գլոբալ տաքացման հետեւանքով, Արկտիկական տարածաշրջանում «Բեւեռային մետաքսի ճանապարհ» ստեղծելու համար:

Չինական գործունեության նման ընդլայնումը կարող է հանգեցնել Արկտիկայում երկրի ռազմական ներկայության մեծացման, ներառյալ սուզանավերի տեղակայումը որպես միջուկային հարձակման զսպման միջոց, նշված է զեկույցում, որը հրապարակվել է Պենտագոնի կայքում:

Դրանից բացի, զեկույցում նշվում է, որ Չինաստանի աճող տնտեսական, դիվանագիտական եւ ռազմական կշիռը երկրի ղեկավարներն «օգտագործում են տարածաշրջանում Չինաստանի գերազանցությունը հաստատելու եւ միջազգային ազդեցությունն ընդլայնելու համար»: «Չինաստանի առաջընթացն այնպիսի նախագծերի իրականացման գործում, ինչպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհը», հավանաբար, կհանգեցնի արտասահմանում ռազմական բազավորման [ընդլայնման] անհրաժեշտության՝ այդ նախագծերի անվտանգության ապահովման համար»,- նշել են Պենտագոնից:

Փաստաթղթի նյութերի համաձայն՝ Չինաստանն այս պահին միայն երկու արտասահմանյան ռազմաբազա ունի Ջիբութիում: Այն բացվել է 2017 թվականի օգոստոսին: Հիմա արդեն, ինչպես ենթադրում են ամերիկյան ռազմական գերատեսչությունում, Չինաստանը կձգտի լրացուցիչ ռազմաբազաներ ստեղծել «երկրներում, որոնց հետ վաղեմի բարեկամական հարաբերություններ եւ նման ռազմավարական շահեր ունի, օրինակ՝ Պակիստանում, ինչպես նաեւ պետություններում, որտեղ արդեն կա արտասահմանցի զինվորականներ տեղակայելու նախադեպ»:

«2018 թվականին լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ Չինաստանը ձգտում է մեծացնել իր ռազմաբազաների թիվը եւ ընդլայնել Մերձավոր Արեւելքին, Հարավարեւելյան Ասիային եւ Խաղաղ օվկիանոսի արեւմտյան հատվածին հասանելիությունը»,- նշված է զեկույցում: Գերատեսչությունից չեն պարզաբանել, թե կոնկրետ ինչպիսի հաղորդագրությունների մասին է խոսքը:

Իր հերթին, Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները իրենց Ռազմածովային ուժերը ընդլայնում են Արեւելյան Ասիայում, նշում է Reuters-ը: Սա ներառում է ամերիկյան պարեկային հականավային P-8 Poseidon օդանավերով ուժեղացված պարեկում Սինգապուրի եւ Ճապոնիայի տարածքներից:

Փորձագետները զեկույցում ընդգծել են, որ ԱՄՆ-ն Չինաստանի հետ «կմրցակցի ուժի դիրքերից՝ միաժամանակ Չինաստանին խրախուսելով Միացյալ Նահանգների հետ համագործակցել անվտանգության հարցերում, որոնցում ԱՄՆ-ի եւ Չինաստանի շահերը համընկնում են»:

Նախկինում ամերիկյան իշխանությունները հայտարարում էին Ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման եւ սահմանափակման մասին պայմանագրին «բոլոր շահագրգիռ կողմերի», այդ թվում՝ Չինաստանի անդամակցության անհրաժեշտության մասին: Այս պայմանագիրը Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կնքել են 2010 թվականին, որը մեկ տարի հետո ուժի մեջ է մտել: Պեկինում ամերիկյան իշխանությունների նախաձեռնություններին առայժմ չեն արձագանքել: