ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջորջ Քենթը հույս ունի, որ Ադրբեջանում ձերբակալված լրագրողներն ազատ կարձակվեն, իսկ մամուլը երկրում ընդհանուր առմամբ հնարավորություն կստանա ազատ աշխատելու։ Այս մասին Քենթը ասել է Բաքվում ճեպազրույցի ժամանակ, տեղեկացնում է contact.az-ը։

«Հույս ունենք, որ ազատ մեդիայի գոտին կընդլայնվի եւ մի անգամ «Ազատություն ռադիոն» նորից կվերադառնա Ադրբեջան»,- ասել է Ջորջ Քենթը՝ մամուլին շնորհավորելով մասնագիտական տոնի առիթով։

Իսկ տառացիորեն մի քանի օր առաջ՝ մինչեւ մայիսի 3-ին նշվող Մամուլի ազատության միջազգային օրը, Ադրբեջանում դաժան հարձակման է ենթարկվել կին լրագրող։ Star Media կառույցի 39-ամյա աշխատակցուհի Ժալյա Ալիեւան փորձել է ռեպորտաժ վարել Ափշերոնի շրջանի ռեստորանում։ Նա ներկայացել է եւ ասել, որ հյուրանոց-ռեստորան է եկել ստացված բողոքից հետո, որպեսզի պարզի հանգամանքները։ Դրանից հետո էլ սկսվել է կոնֆլիկտը։ Ծեծված լրագրողուհուն շտապօգնության բրիգադը հասցրել է Կլինիկական բուժկենտրոն, որտեղ ախտորոշել են՝ գանգուղեղային վնասվածք։

Ահա մեկ այլ դեպք։ Անցած տարվա հոկտեմբերի 26-ին անհետացած ադրբեջանական Kanal 13 ինտերնետ-պարբերականի աշխատակից Իսմայիլ Իսլամօղլուն ասել է, որ այդ ամբողջ ընթացքում եղել է ոստիկանությունում։ Հոկտեմբերի 29-ի ուշ երեկոյան նա հրապարակել էր տեսադիմում, որտեղ ասում է, որ ենթարկվել է հոգեբանական եւ ֆիզիկական ճնշման Բաքվի ոստիկանության գլխավոր վարչությունում։ Նա տեղեկացրել է, որ կալանվել է հոկտեմբերի 26-ի երեկոյան քաղաքացիական հագուստով երկու անձանց կողմից։ Նրան տարել են Բաքվի ոստիկանության գլխավոր վարչություն եւ պահել Քրեական հետախուզության բաժնում։ Իսլամօղլուի խոսքերից երեւում է, որ ճնշումը գործադրվել է սոցցանցերում նրա հրապարակումների համար, նրանից պահանջել են դադարեցնել քննադատական նյութերի տարածումը։ Բայց Բաքվի ոստիկանության գլխավոր վարչությունը հերքել է ԶԼՄ-ների տեղեկությունները Kanal 13-ի աշխատակցին կալանելու մասին։

Ադրբեջանցի գրող եւ լրագրող Ռաֆիկ Թագին վախճանվել է Բաքվի փողոցում նրա վրա հարձակումից հինգ օր հետո՝ դանակի ստացած հարվածներից։ Նրա մահը մեկ օղակն է նման դեպքերի շղթայում, երբ Ադրբեջանում անհայտ անձանց հարձակումների զոհ են դառնում  լրագրողները։ Նման դեպքերից եւ ոչ մեկում հարձակվողները չեն հայտնաբերվել եւ չեն ենթարկվել պատասխանատվության։ Դժվար է ասել՝ ո՞վ է կանգնած այդ հարձակումների հետեւում, բայց կասկածներն ընկնում են պետական պաշտոնյաների վրա, քանի որ տուժած թղթակիցները քանիցս նախազգուշացումներ են ստացել այդ անձանցից՝ դադարեցնելու քննադատությունը երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հասցեին։ Զոհերի թվում է Monitor ամսագրի խմբագիր Էլմար Հուսեյնովը, որը սպանվել է ինը տարի առաջ։ Գործը մինչ օրս չի բացվել։

2015-ին Ann.az կայքի աշխատակից Ռասիմ Ալիեւը ծեծվել է անհայտ անձանց կողմից, ինչի հետեւանքով ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ։ Ստացած վնասվածքներից նա մահացել է Կլինիկական բուժկենտրոնում։ Գերմանիայում որոշ քաղաքական կուսակցություններ այս սպանությունը գնահատել են որպես պատվիրված քաղաքական սպանություն, ինչն իր հերթին առաջ է բերել ադրբեջանական կողմի զայրույթը։

Րաֆֆի Սամվելյան