Փհենյանին անհրաժեշտ է ցուցադրել ապամիջուկայնացման «տեսանելի, կոնկրետ եւ էական» միջոցառումներ, եթե ցանկանում է պատժամիջոցների մեղմացում, հայտարարել է Հարավային Կորեայի ԱԳ նախարար Կանգ Կեն Վեն, փոխանցում է AFP-ն:

Նրա խոսքով՝ պատժամիջոցների մեղմացման համար Փհենյանի կողմից գործողություններ են պահանջվում, որոնք «մեզ կհավաստիացնեն, որ նրանք արդեն ամբողջական ապամիջուկայնացման ճանապարհին են»: Հիշեցնելով, որ պատժամիջոցներ է սահմանել ոչ միայն ԱՄՆ-ն, այլեւ ՄԱԿ-ն, նա նշել է, որ «այս ճանապարհին անհրաժեշտ է ձեռնարկել որոշ տեսանելի, կոնկրետ եւ էական գործողություններ, որպեսզի համաշխարհային հանրությունը կարողանա պատժամիջոցների վերաբերյալ ինչ-որ բան ձեռնարկել:

Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան մի պաշտոնյա Վաշինգտոնին նախազգուշացրել էր «անցանկալի ելքի» մասին, եթե այն չփոխի իր վերաբերմունքը տնտեսական պատժամիջոցների նկատմամբ: