Հայաստանը ԵՏՄ տարածքներում ունի արտահանման չօգտագործված հնարավորություններ: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Անդրադառնալով երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող մի շարք ապրանքների մաքսատուրքեր բարձրացնելու խնդրի մասին, նա նշեց, որ Հայաստանը ԵՏՄ անդամակցությամբ բազմաթիվ ապրանքատեսակների մաքսատուրքերի բարձրացման համար վերցրել էր անցումային ժամանակահատված,  բայց դրանք մի օր ավարտվելու են:

«Եվ տնտեսությունը դա պետք է հաշվի առնի ու վերադասավորվի: Կարծում ենք, որ արտահանումը ամենաառաջին հարցերից մեկն է: Եվ մենք ունենք արտահանման չօգտագործված շատ մեծ հնարավորություն հենց ԵՏՄ-ի տարածքներում: Դրա օգուտն այն է, որ Հայաստանն այդ տարածքի երկրներ ապրանքներ է արտահանում առանց մաքսատուրքերի կիրառության: Այսինքն՝ մենք պետք է օգտագործենք ինտեգրման եղած հնարավորությունները, սա չափազանց կարեւոր հարց է»,- ասաց  Տիգրան Խաչատրյանը։

Նա նկատեց, որ եթե մի կողմից ՀՀ տնտեսությունը որոշակիորեն կարող է տուժել, քանի որ կան բարձր դրույքաչափերով ներկրվող ապրանքներ երրորդ երկրներից, մյուս կողմից, Հայաստանի տնտեսությունն ունի բազմաթիվ չօգտագործված հնարավորություններ ԵՏՄ տարածքում:

«Այդպիսի հնարավորություններ են ստեղծվում նաեւ այն ազատ առեւտրի համաձայնագրերի կիրառության արդյունքում, որոնք բանակցվում եւ ստորագրվում են: Օրինակ՝ ԵՏՄ անդամ երկրների եւ Իրանի հետ ժամանակավոր առեւտրի համաձայնագրով ապրանքների արտահանման դրույքաչափերն են նվազեցվել: Միսն Իրանի շուկա արտահանելու համար կա բարձր դրույքաչափ, բայց դա այդ համաձայնագրով իջեցված է: Եթե ԵՏՄ տարածքում 3-4 տարի հետո հասնենք աազատ առեւտրի համաձայնագրի, այդ մաքսատուրքերն ընդհանրապես դուրս կգան: Այսինքն պետք կկարողանանք ապրանքները դեպի Իրան արտահանել առանց որեւէ մաքսատուրքի դրույքաչափ կիրառելու։ Այս կերպ կարող է լինել նաեւ այլ երկրների հետ, որտեղ ԵՏՄ-ի միասնական ուժն առեւտրի նպաստավոր պայմանների հասնելու համար ավելի մեծ է, քան կունենար Հայաստանը, եթե առանձին բանակցեր այդ տնտեսություններից որեւէ մեկի հետ»,- մանրամասնեց նախարարը։

Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակի վրա կարող է ազդել երրորդ երկրներից ներմուծման դեպքում տուրքի դրույքաչափերի բարձրացումը, սակայն դա նաեւ հնարավորություն է, որը տալիս է ՀՀ քաղաքացուն ավելի շատ արտադրելու, ավելի շատ վաճառելու համար: