Ինձ համար կարեւոր  է ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցու դերակատարումը ՀՀ-ում եւ ընդհանրապես հայության շրջանում, այլեւ ինձ համար շատ կարեւոր է Հայաստանում քրիստոնեական արժեքների արմատավորումը: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, կառավարությունում Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես կհամարձակվեմ ասել, որ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական  հեղափոխությունը մեծ մասով հիմնված էր հենց քրիստոնեական արժեքների վրա: Եվ ինքս ինձ համար՝ որպես մարդ, որպես քաղաքական գործիչ, իմ կյանքում շրջադարձային եմ համարում այն կետը, երբ ես առիթ ունեցա ընթերցել եւ վերընթերցել Նոր Կտակարանը: Կարծում եմ, որ այն վարդապետությունը, որ այդտեղ դրված է, իսկապես, բոլոր առումներով, այդ թվում՝  պետական առումով հեղափոխական է, եւ դա այն բանաձեւն է, որ Հայաստանի Հանրապետությանը, նրա քաղաքացիներին եւ ընդհանրապես մարդկությանը կարող է հասցնել երջանկության:

Ես սա ասում եմ՝ արձանագրելու համար իմ վերաբերմունքը եկեղեցուն, իմ վերաբերմունքը քրիստոնեությանը, իմ վերաբերմունքը քրիստոնեական արժեքներին: Եվ ես համոզված եմ, որ այդ քրիստոնեական արժեքները կարող են ծառայել եւ պիտի ծառայեն Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի հզորացմանը:

Վեհափառ Տեր, կրկին ցանկանում եմ նշել, որ ուրախ եմ այսօրվա հանդիպման համար: Չգիտեմ՝ նախկինում այսպիսի ձեւաչափ գոյություն ունեցե՞լ է, թե՞ ոչ, բայց համոզված եմ, որ սա կարեւոր հանգրվան է մեզ համար, որովհետեւ իսկապես հարցերին պետք է կառուցվածքային, կառուցակարգային լուծումներ տրվեն, որպեսզի յուրաքանչյուր հարց ունենա իր հստակ պատասխանը, յուրաքանչյուր որոշում ունենա իր հստակ բացատրությունը՝ առանց մութ անկյունների: Այնպես որ ես աշխատանքային խմբին հաջողություն եմ մաղթում: Իհարկե, աշխատանքային խմբի արդյունքները, բարձրացված հարցերը մենք ժամանակ առ ժամանակ կքննարկենք նաեւ մեր պարբերական հանդիպումների ընթացքում, բայց հույս ունեմ, որ նաեւ աշխատանքային խմբի գործունեության արդյունքում մենք ավելի շատ լուծումների մասին կլսենք, քան թե նոր առաջացած խնդիրների»,-ասել է Փաշինյանը: