Թուրքիայում ամենամեծ մզկիթը ուրբաթ պաշտոնապես բացվել է Ստամբուլի Չամլիջա շրջանում։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Անադոլու գործակալությանը։

Ինչպես նշել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, մզկիթը միայն Ստամբուլի հպարտությունը չէ։ «Չամլիջայի մզկիթը մեր ամբողջ երկրի հպարտությունն է եւ ողջ իսլամական աշխարհի»,- գրել է նա իր Թվիթերում։

Շինության կառուցումն սկսվել է 2013-ին, այն համարվում է երկրի ղեկավարության այցեքարտերից մեկը։ Մզկիթը հաշվարկված է 63 հազար աղոթողի համար։ Այս ամենամեծ համալիրում նախատեսված են հինգ ներքին բակ աղոթողների համար, արվեստի սրահ, գրադարան, կոնֆերանսների դահլիճ եւ ավտոկայանատեղի։ Այս ամենը զբաղեցնում է 125 հազար քառակուսի մետր, մզկիթի մակերեսը 15 հազար քառակուսի մետր է։ Սրահում նախատեսվում է հավաքել արվեստի ցուցանմուշներ՝ կապված իսլամի պատմության հետ հանրապետության տարածքում։

Բարձրացվել է 70 գմբեթ,ւ կառուցվել ինը ներքին շինություն հավատացյալների համար։ Մզկիթի գլխավոր առանձնահատկությունը նրա վեց մինարեներն են։ Թուրքիայում արդեն չորս մզկիթ կա վեց մինարեով։ Դրանցից մեկը Ստամբուլի «Կապույտ մզկիթն է»։ Բայց դրանք բոլորն իրենց չափերով զիջում են Չամլիջայի մզկիթին, չորս մինարեների բարձրությունը հասնում է 107,1, երկուսինը՝ 90 մետրի։ Սա հիշատակում է 1071 թվականի մասին, երբ սելջուկ-թուրքերը սուլթան Ալփ-Արսլանի առաջնորդությամբ Մանազկերտում պարտության մատնեցին բյուզանդացիներին եւ գերի վերցրին բյուզանդական կայսր Ռոմանոս IV Դիոգենեսին։ Մանազկերտի ճակատամարտը բյուզանդացիների վճռական մարտն էր սելջուկների դեմ, թուրքերի հաղթանակն արագացրեց նրանց տիրապետության հաստատումը Փոքր Ասիայում։

Չամլիջայի մզկիթը գտնվում է քաղաքի ասիական մասում, համանուն բլուրների վրա։ Դա քաղաքի ամենաբարձր տեղերից մեկն է (268 մետր ծովի մակերեւույթից բարձր)։