Ուրբաթ թմրանյութերի հսկողության ոլորտում տարածաշրջանային համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի մասնակից երկրների նախարարները քննարկումների արդյունքում ընդունել են Թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի եւ թմրանյութերի ու հոգեմետ միջոցերի չարաշահման կանխարգելման ոլորտում համագործակցությունն ամրապնդելու մասին հայտարարագիրը: Այդ մասին ասվում է Տաջիկստանի ԱԳն-ի հայտարարության մեջ:

«Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուհրիդին մասնակցել է թմրանյութերի հսկողության ոլորտում տարածաշրջանային համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի մասնակից երկրների նախարարների 11-րդ հանդիպմանը, որի ավարտին ընդունվել է Թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի եւ թմրանյութերի ու հոգեմետ միջոցների չարաշահման կանխարգելման ոլորտում համագործակցությունն ամրապնդելու մասին հայտարարագիրը»,-նշվում է հայտարարության մեջ:

Տաջիկստանի ԱԳ նախարարը հանդիպման ժամանակ իր ելույթի ընթացքում ծանոթացրել է մասնակիցներին թմրանյութերի անօրինական շրջանառության եւ կազմակերպված հանցագործության դեմ երկրի նախաձեռնած միջոցառումներին եւ ներդրումներին: Համաձայն ԱԳՆ-ի տեղեկությունների՝ նախարարը հրավիրել է մասնակիցներին մասնակցել բարձր մակարդակի համաժողովին «Միջազգային եւ տարածաշրջանային համագործակցություն ահաբեկչության եւ դրա ֆինանսավորման աղբյուրների դեմ՝ ներառյալ թմրանյութերի անօրինական շրջանառությունն ու կազմակերպված հանցագործությունը» խորագրով, որը տեղի կունենա 2019 թվականի մայիսի 16-17-ին Դուշամբերում:

Հանդիպման ընթացքում ստորագրված հայտարարագրում ԱՊՀ պետությունների արտգործնախարարները պատրաստակամություն են հայտնել թմրանյութերի եւ դրանց դեմ պայքարի համընդհանուր խնդրի արդյունավետ լուծման ուղղությամբ, որը ամբողջովին համապատասխանում է ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ելույթի ժամանակ ընդգծել է. «ՄԱԿ-ի անդամ պետությունների մեծամասնության հետ միասին մենք համոզված ենք, որ անհրաժեշտ է խստորեն հետեւալ [թմրանյութերի դեմ] կոնվենցիաների իրագործմանը»:

Հինգշաբթի Տաշկենտում կայացել է փորձագետների հանդիպումը, որոնք քննարկել են թմրանյութերի դեմ պայքարի, կիբերանվտանգության ապահովման, նոր հոգեմետ միջոցների տարածման հակազդման մասին տարածաշրջանային համագործակցության հարցերը: Փորձագետները քննարկել են նաեւ թմրանյութերից կախվածության կանխարգելման, բուժման եւ վերականգնողական ծառայությունների հասանելիության ընդլայնման հարցը:

Թմրանյութերի հսկողության ոլորտում տարածաշրջանային համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել էր 1996 թվականին Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի ներկայացուցիչների կողմից: Ռուսաստանը միացել էր հուշագրին 1998 թվականին, իսկ Ադրբեջանը՝ 2001-ին: Հուշագրի ընդունման անհրաժեշտությունը թելադրվել էր Աֆղանստանի կողմից թմրանյութերի շրջանառության ծավալների ավելացմամբ: 2004 թվականին Հուշագրի դրույթները վերանայելու եւ արդիականացնելու նպատակով Ալմա Աթայում ստեղծվել էր Թմրանյութերի եւ հոգեմետ միջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի  Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տեղեկատվական համակարգող կենտրոնը: