Մայիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում քաղաքական խորհրդակցություններ անցկացվեցին Հայաստանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, վրացական պատվիրակությունը՝ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին տարբեր մակարդակներում պարբերական հանդիպումների եւ քննարկումների անցկացումը։

Անդրադարձ կատարվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաների, մասնավորապես՝ տարածաշրջանային անվտանգությանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ՝ հումանիտար ոլորտին վերաբերող հարցերի։

Գոհունակությամբ նշվեց այս տարվա ամռանը հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստ անցկացնելու շուրջ ձեռք բերված համաձայնությունը, քննարկվեց նաեւ նույն ժամանակահատվածում հայ-վրացական գործարար համաժողով անցկացնելու հարցը։ Կողմերը վստահություն հայտնեցին, որ այս նախաձեռնությունները նոր հնարավորություններ կստեղծեն երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար։