ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Վաշինգտոնի կողմից Իսրայելին լիակատար աջակցության մասին՝ Գազայի հատվածից հրթիռակոծության ֆոնին եւ պաղեստինյան կողմին կոչ արել բռնությունը դադարեցնել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իսրայելը դարձյալ զանգվածային հրթիռակոծության է ենթարկվում ՀԱՄԱՍ եւ «Իսլամական ջիհադ» ահաբեկչական խմբավորումների կողմից: Մենք 100 տոկոսով աջակցում ենք իր քաղաքացիներին պաշտպանելու Իսրայելի ջանքերին… Դիմելով Գազայի բնակիչներին. Իսրայելի դեմ այդ ահաբեկչական գործողությունները ձեզ ոչինչ չեն տա, բացի էլ ավելի շատ տառապանքից: Բռնությունը դադարեցրեք եւ աշխատեք խաղաղության հասնելու ուղղությամբ՝ դա հնարավոր է»,- նշել է Թրամփն իր Twitter-յան էջում:

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը նույնպես դատապարտել էր պաղեստինցի արմատականների կողմից Իսրայելի գնդակոծությունը:

Մայիսին գնդակոծությունների մեկնարկից հետո պաղեստինցիները հրեական պետության հարավի ուղղությամբ արձակել են շուրջ 600 հրթիռ եւ ական, ինչին իսրայելցի զինվորականները պատասխանել են Գազայի հատվածում գրեթե 300 թիրախի վրա հարվածներով: Վերջին տեղեկություններով՝ իսրայելական կողմից զոհվել է 4 մարդ, պաղեստինյան՝ 25:

Հարվածների փոխանակումը, որը խախտել է ավելի քան մեկամսյա անդորրը, դարձել է 2014 թվականի ամառվանից հետո ամենամասշտաբայինն ու արյունահեղը եւ կարող է հարցականի տակ դնել «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթի անցկացումը, որը նախատեսված է ամսվա կեսին Թել Ավիվում: