Խորհրդարանը սկսել է քառօրյան, օրակարգում նաեւ կառավարության կառուցվածքի նախագիծն է կամ ինչպես «Լուսավոր Հայաստանն» է մեկնաբանում՝ Սերժ Սարգսյանի  կոստյումը, որ ուզում է հագնել Նիկոլ Փաշինյանը։ էդմոն Մարուքյանը հիշեցրեց Փաշինյանի մայիսյան թեզիսները՝ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը վարչապետի ենթակայությունից դուրս բերելու մասին։ Սակայն խոստումը չկատարվեց, և ըստ Մարուքյանի՝ պատճառը գուցե վախերն են անցյալից։ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը սուրպերվարչապետությանը նոր մեկնաբանություն տվեց՝ Փաշինյանն, ըստ նրա, սուպերության աստիճանի է հասել ժողովրդի վստահությամբ՝ դեռ մինչեւ վարչապետ դառնալը։ «Բարգավաճ Հայաստանից» Նաիրա Զոհրաբյանը ամբիոնին մոտեցավ վատ կանխազգացումով՝ կառավարության կառուցվածքը տապալվելու է՝ ասաց նա եւ այս օրը հիշելու կոչ արեց։ 

Երեկ հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Աբովյանում կառուցվող երիտասարդական բնակելի թաղամասի շինարարական աշխատանքները կասեցվել են, Կոտայքի մարզպետարանը ստուգումներ է իրականացրել, տվյալները փոխանցել դատախազություն։ Խախտումների փաստով հարուցվել է քրեական գործ։ Այսօր, խորհրդարանում Ծառուկյանը հայտարարեց՝ երբեք խախտումներ չի կատարել, դա բարեգործական ակցիա է երիտասարդ ընտանիքների եւ ներգաղթի համար:

ԲՀԿ առաջնորդի մանդատը եւս մտահոգությունների եւ կասկածների առիթ է դարձել, Ծառուկյանը ճշտեց՝ ոչ թե կասկած, այլ նախանձ։ «Իմ քայլը» քննարկել է Ծառուկյանի մադատի հարցը, բայց թե ինչ են որոշել, Լիլիթ Մակունցը չասաց։ 

Ռադիոյի օրվա առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է  Հանրային ռադիոյի շենք։ Մեկ տարի առաջ նա այստեղ ներխուժել էր՝ դուռը կոտրելով, այսօր այդ նույն դուռը նորոգում էին, Փաշինյանը օգնեց եւ գաջով սվաղեց հեղափոխությունից մնացած ճեղեքերը։ Այնուհետեւ հյուր եղավ ռադիոհաղորդմանը եւ ուղիղ եթերում ներողություն խնդրեց մեկ տարի առաջ ռադիո ներխուժելու համար։ 

Արցախի նախագահ Բակո Սահակյանը եւ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են Հայաստանի գլխավոր դատախազին՝  կոչ անելով փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը: Նրանք գրել են՝ մայիսի 9-ին ավանդույթի համաձայն՝ տոնակատարությունների հյուր են դառնում Արցախի բոլոր նախկին ղեկավարները։ Խնդրել են, որ մայիսի 9-ի տոներին ընդառաջ փոխվի  արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Հայտարարել են, որ պատրաստ են հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի նրա՝ մեկուսարանից ազատ արձակվելու եւ դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար։ Նաեւ հույս են հայտնել, որ այդ որոշումը կդառնա համերաշխության եւ միասնականության ազդակ ոչ միայն մեր հասարակության, այլեւ ամբողջ աշխարհի ու նաեւ հակառակորդի համար:

Շուտով հրապարակվեց գլխավոր դատախազի պատասխանը։ Արթուր Դավթյանը նշել է, որ քրեական գործը այժմ գտնվում է դատարանում, դատախազությունը վարույթն իրականացնող մարմինը չէ, հետեւաբար նախագահների դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է դատախազության լիազորությունների տիրույթից։ 

ԱԱԾ-ն բացահայտել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների կողմից կատարված լրտեսության դեպք։ Թուրքիայի տարածքում ադրբեջանցի աշխատակիցը Հայաստանի քաղաքացուն ներկայացել է որպես Թուրքիայում գործող Հայաստանի ԱԱԾ-ի լրտես եւ նրան համոզել է աշխատանքային առաջընթացի համար իրեն տրամադրել հայկական զորամասերի, զինվորական տեխնիկայի վերաբերյալ տվյալներ։ Հայաստանի քաղաքացին ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողությամբ 2011-18 թվականներին հավաքել է տվյալներ եւ փոխանցել Ադրբեջանին։ Հարուցվել է քրեական գործ ։

Դոլարի փոխարժեքն այսօր աճել է՝  կազմելով 481 դրամ։ Եվրոն 539 դրամ է, բրիտանական ֆունտ՝ 630, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 38 դրամ:

Վաղը օրվա երկրորդ կեսին Հայաստանի առանձին մարզերում սպասվում են կարճաժամկետ անձրեւներ եւ ամպրոպ: Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +25+27: