Honda-ի առաջին էլեկտրական մոդելը կստանա Honda e անվանումը։ Ընկերությունը քաղաքային այս ավտոմեքենայի 22 000 նախնական պատվեր է արդեն ստացել՝ հայտնում է Motor-ը։

Թե ինչ տեսք կունենա Honda-ի նորույթը, սկզբում ցույց են տվել Urban EV կոնցեպտի, իսկ այնուհետեւ e Prototype-ի՝ նախատիպի վրա։ Ավտոմեքենան գործի է գցում էլեկտրաշարժիչը, որը տեղադրված է հետեւի սռնու վրա։ Մարտկոցի ծավալի մասին դեռեւս չեն հայտնում։ e Prototype-ի ընթացքն առանց լիցքավորման 200 կմ է, մարտկոցի 80 տոկոս լիցքավորման ժամանակը արագ տերմինալից՝ 30 րոպե։

e Prototype-ի առանձնահատկություններից են տեսախցիկները կողային հայլիների փոխարեն, համայնապատկերային ճակատային ապակին, LED-լուսարձակները։ Առջեւի վահանակի վրա տեղադրված է հինգ դիսփլեյ՝ կողային խցիկների տեսանելիության էկրանը, թվային ցուցատախտակ, սրահի լրատվական-ինֆորմացիոն համակարգի երկու «մոնիտոր»։