Հայաստանի կառավարությունը խորհուրդ է տալիս ԱԱՀ-ից ազատել երկիր ներմուծվող տրանսպորտային միջոցները, որոնք աշխատում են էլեկտրական շարժիչներով: Մայիսի 8-ին ԱԺ նիստում Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ այս օրինագծի ընդունումը կնպաստի էլեկտրամոբիլների ձեռքբերմանն ու օգտագործմանը, ինչպես նաեւ մթնոլորտի աղտոտման եւ Հայաստանի էներգետիկ կախվածության նվազեցմանը: Դրանից բացի, նախարարի հավաստմամբ՝ դա կնպաստի էլեկտրական շարժիչներով մոտոցիկլետների օգտագործման մեծացմանը:

«Սա նաեւ կարող է օգնել նվազեցնել խցանումները եւ մեծացնել երթեւեկության անվտանգությունը: Մեր կատարած ուսումնասիրությամբ նաեւ հետազոտվել են  այլ երկրներում էլեկտրամոբիլների գնումների խթանման պատճառները, ձեռք բերած արդյունքները, այդ նպատակին հասնելու գործիքակազմը»,- պարզաբանեց պաշտոնյան:

Նա նաեւ նշեց, որ օրինագծով նախատեսվում է այս արտոնության տրամադրում 2 տարով:

«Վրաստանում այսպիսի տրանսպորտային միջոցների թիվը 4 հազարից անցնում է, եւ դրանք ընդհանրապես հարկերի բոլոր տեսակներից ազատված են: Միաժամանակ, Վրաստանի կառավարությունը որպես լրացուցիչ խթան այս ավտոմեքենաների լիցքավորման բոլոր կայաններն անվճար է դարձրել: Այնպիսի միջոցառումը, ինչպիսին համանման հարկումից ազատելն է ամենափոքր բանն է, որ կարելի է անել, իսկ տվյալ դեպքում տնտեսական օգուտը կլինի չափից ավելի զգալի»,- շեշտեց Գրիգորյանը:

Ընդ որում՝ նախարարը հավելեց, որ վերջին տարիներին Հայաստան այսպիսի ավտոմեքենաների ներմուծումը զգալի չափերի չի եղել եւ սահմանափակվել է տարեկան 20-30-ով:

«Օրինակ՝ հարեւան Վրաստանում առաջիկա 10 տարում նախատեսվում է էլեկտրամոբիլների ներմուծման ծավալները մեծացնել եւ հասցնել մինչեւ 90 տոկոսի: Այսպես՝ 2019 թվականին նախատեսվում է Վրաստան ներմուծել 2 հազար էլեկտրամոբիլ»,- նշեց բնապահպանության նախարարը:

Նա նաեւ նշեց, որ էլեկտրական շարժիչներով ավտոմեքենաների ներմուծումը որոշակիորեն ուղղված է երկրի ծանր սոցիալ-տնտեսական վիճակը մեղմելուն եւ լուծելուն: