Հզոր ընդդիմադիր ուժեր են միավորվում, որոնք շուտով մարտահրավեր են նետելու Հայաստանի նոր իշխանություններին։ Այս մասին Reuters գործակալությանը տված գրավոր հարցազրույցում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հույս հայտնելով, որ ինքն էլ կլինի նրանց մեջ։

Նրա խոսքով՝ Հայաստանում այժմ հայտնվում են նոր քաղաքական գործիչներ և ընդդիմադիր կուսակցություններ։

«Այս գործընթացը, անկասկած, կհանգեցնի հզոր քաղաքական ուժի ստեղծման, որը կարող է շատ արագ իշխանություններին մարտահրավեր նետել»,- ասել է նա:

Հարցին՝ ինքն անձամբ արդյոք կներգրավվի՞ այդ ընդդիմության մեջ, նախկին նախագահը դրական է պատասխանել. «Այո, իհարկե»։ Նա, սակայն, չի մանրամասնել, թե ինչ տեսքով կլինի իր մասնակցությունը:

Խոսելով զանգվածային ցույցերի մասին, որոնք անցյալ տարի Հայաստանում հանգեցրին իշխանափոխության՝ նա նշել է, որ դրանց պատճառը «հանրության շրջանում կուտակված դժգոհությունն էր եւ փոփոխությունների ձգտումը»:

«Ես դա հեղափոխություն չէի անվանի, քանի որ երկրում արմատական փոփոխություններ չեն կատարվել՝ բացի հանրության մեջ մեծ ագրեսիայի, ղեկավարության շրջանում՝ պոպուլիզմի եւ դիլետանտության առաջացումից»,- հայտարարել է Քոչարյանը:

Նա նաեւ պաշտպանել է 2008 թվականի իրադարձությունների ժամանակ իր ընդունած որոշումները: «Կարգը վերականգնվեց միայն արտակարգ դրություն մտցնելուց հետո եւ դրա շնորհիվ: Դա չանելը կնշանակեր նախագահի կողմից պաշտոնական անգործություն դրսեւորել»,- հայտարարել է նա:

Կալանավայրից պատասխանելով Reuters-ի հարցերի ՝ Քոչարյանն ասել է, որ իրեն ներկայացված մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն, և մեղադրել է Փաշինյանի կառավարությանը՝ իրեն անազատության մեջ պահելու նպատակով օրենքներն ընտրողաբար կիրառելու մեջ։

Գործակալությունը նշում է, որ Քոչարյանը երկրի նախագահ է եղել 1998-2008 թթ. և կալանավորվել է անցած տարի ՝ 2008-ի մարտին երկրում արտակարգ դրություն մտցնելու անօրինական   որոշում կայացնելու մեղադրանքով։ Գործակալությունը հիշեցնում է, որ այն ժամանակ ոստիկանության և ցուցարարների միջև բախումների հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել։

Գործակալությունը նշում է, որ 64-ամյա պաշտոնաթող նախագահը ձերբակալվել է նախորդ տարի, այն բանից հետո, երբ երկրում խաղաղ ցույցերի միջոցով Քոչարյանի նախկին դաշնակից և նրան հաջորդած նախագահ Սերժ Սարգսյանը հեռացվեց իշխանությունից, իսկ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը դարձավ երկրի վարչապետ։