Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։

Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Volkswagen մակնիշի 34 TT 824 համարանիշի և Mercedes մակնիշի 35 ZC 529 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել նշված հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարող ընկերության աշխատակիցները:

Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից երկուսը մահացել են: Մահացածներից մեկը 2 տարեկան աղջնակ է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահածացների և վիրավորների ինքնությունը: