ԱՄՆ-ի իսրայելա-պաղեստինյան հակամարտության «դարի գործարքի» առանցքային ճարտարապետներից մեկը՝ Ջեյսոն Գրինբլաթը, քննադատել է ՄԱԿ «հակաիսրայելական դիրքորոշումը»՝ կոչ անելով աջակցել Թրամփի վարչակազմի «տեսլականին»: Սակայն Պաղեստինի ԱԳ նախարար Ռիադ Մալքին մերժել է ԱՄՆ խաղաղ ջանքերը՝ հայտարարելով, թե բոլոր նշանները կան, որ ծրագիրը նախատեսում է «հանձնելու համար պայմաններ», փոխանցում է AP-ն:

Գրինբլաթը հայտարարել է, թե «զարմանալի ու անարդարացի» է, որ Ինդոնեզիան, Քուվեյթը եւ Հարավային Աֆրիկան կազմակերպել են ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ եւ դատապարտել են Իսրայելի վարքագիծը, երբ նրան «անգամ չեն հրավիրել ելույթ ունենալու այս նստաշրջանում»:

Նա իսրայելական բնակավայրերի վրա ՄԱԿ ԱԽ «սեւեռուն» կենտրոնացվածությունն անվանել է «ֆարս»՝ հայտարարելով, որ բնակավայրերը Իսրայելին եւ պաղեստինցիներին չեն խանգարում խաղաղության շուրջ բանակցություններ վարել: Նրա խոսքով՝ ՄԱԿ ԱԽ-ն պետք է ուշադրությունը նաեւ կենտրոնացնի  «ահաբեկիչների» ընտանիքներին վճարելու պաղեստինյան պրակտիկայի վրա, այլ ոչ այն բանի, թե Միացյալ Նահանգներն ինչպես է կարող աջակցել Պաղեստինի բյուջեին: Թրամփի վարչակազմը կտրուկ կրճատել է պաղեստինցիներին իր օգնությունը, որպեսզի փորձի արագացնել նրանց վերադարձը բանակցություններին:

Պաղեստինի ԱԳ նախարարի խոսքով՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչեց, ինչը «միջազգային իրավունքի աղաղակող խախտում է, անհնար է հավատալ» խաղաղ ծրագրին, որը 2 տարի մշակվել է Գրինբլաթի եւ նախագահի ավագ խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշների ղեկավարած խմբի կողմից:

«ԱՄՆ վարչակազմի յուրաքանչյուր որոշում հասատատում է նրա քամահրանքը պաղեստինցիների կյանքի, նրանց իրավունքների եւ 2 պետության սկզբունքի հանդեպ»,- ասել է նա:

«Մենք, ցավոք, չենք կարող մեզ թույլ տալ չմասնակցել խաղաղ ջանքերին,- ասել է Մալքին: - Ամեն ինչ մատնացույց է անում այն, որ սա խաղաղ ծրագիր չի, այլ ավելի շուտ՝ հանձնելու համար պայմաններ, եւ ոչ մի փող չի կարող այն ընդունելի դարձնել»:

ԱՄՆ-ն նախատեսում է ծրագիրը հրապարակել հունիսին:

Գրինբլաթը ԱԽ-ում հայտարարել է, որ «խաղաղության տեսլականը, որը մենք շուտով կառաջարկենք, իրատեսական եւ իրականանալի կլինի» ու «բավականին մանրամասն կշարադրի հակամարտության հիմնական խնդիրները, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա պատկերացնել, թե ինչպիսին կլինի խաղաղությունը»: «Սա երկու կողմերի համար փոխզիջումների ճիշտ փաթեթ է, որպեսզի անցյալը հետեւում թողնեն, եւ նոր գլուխ սկսեն, որում կարող են տարածաշրջանի համար ահռելի հույսեր եւ հնարավորություններ լինել»,- հավելել է նա:

Նրա խոսքով՝ «մենք շարունակելու ենք ճշմարտությունն ասել, նույնիսկ եթե դա ցանկալի չէ», սկսած մի քանի օր առաջ Գազայից «դաժան, հանդուգն, չսադրված հարձակումը դատապարտելու ՄԱԿ անընդունակությունից»:

Մալքին հետո լրագրողներին ասել է, որ ԱՄՆ դեսպանորդի դիտարկումները իրեն ԱՄՆ խաղաղ ծրագրի հանդեպ հույս չեն ներշնչում: «Ինձ թվում էր, թե իսրայելցի հռետորի եմ լսում, այլ ոչ թե ամերիկացի պաշտոնյայի,- ասել է նա: - ԱՄՆ դիրքորոշումը, կարծես թե, լիովին Իսրայելի օգտին է»: