2018 թվականին ծառայողական դիրքի չարաշահման եւ պաշտոնեական լիազորությունների գերազանցման դեպքերը 60 տոկոսով աճել են: Մայիսի 10-ին ԱԺ-ում «2018 թվականին դատախազության գործունեության մասին» հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին:

Նրա խոսքով՝ եթե 2017 թվականին գրանցվել էր այդպիսի 150 դեպք, ապա 2018-ին՝ 240: Ընդ որում՝ Դավթյանը պարզաբանեց, որ Քրեական օրենսգրքում ծառայողական դիրքի չարաշահման եւ պաշտոնեական լիազորությունների գերազանցման հոդվածներում ոչ մի փոփոխություն չի կատարվել: «Պետությունները բավականին երկար ճանապարհ են անցնում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության մեծացման տեսակետից: Նույնիսկ ներկայիս օրինակ ծառայող երկրները երկար ճանապարհ են անցել, եւ դա մեկ օրում տեղի չի ունեցել: Այո, այդ նպատակով մեր հնարավորություններն ընդլայնվում են, քայլեր են ձեռնարկվում քաղաքացիների իրավական տեղեկացվածության մեծացման համար, եւ ինքը քաղաքացին նախաձեռնող է դառնում: Ինչ վերաբերում է կոնկրետ կոռուպցիոն իրավախախտումներին, ապա կարող եմ ասել, որ դրան նպաստել է քաղաքացիների եւ գործադիր իշխանության նախաձեռնությունը»,- նշեց հանրապետության գլխավոր դատախազը: