ՀՅԴ Երիտասարդական միության  «Ահազանգ» նախաձեռնության անգամներն այսօր՝ մայիսի 10–ին, կառավարության շենքի դիմաց հերթական բողոքի ակցիան էին իրականացնում՝  Կառավարությունից պահանջելով Ազգային ժողովից հետ կանչել Հարկային նոր օրենսգրքի փաթեթը։

 Նախաձեռնության անդամների պնդմամբ՝ այդ նախագիծը հասարակության անդամներին կբևեռացնի, արդյունքում հարուստներն ավելի կհարստանան, իսկ աղքատներն ավելի կաղքատանան։

«Պահանջում ենք, որպեսզի կառավարությունը չեղարկի եկամտային հարկի համահարթեցման սկզբունքը։ Աշխարհի երկրների 95 տոկոսն իրենց քաղաքացիներից հարկումն իրականացնում է պրոգրեսիվ հարկի միջոցով, չենք հասկանում, թե ի՞նչն է նպատակը, որ Հայաստանում ուզում են անցնել համահարթեցման»,–հայտարարեց նախաձեռնության անդամներից Արգիշտի Գևորգյանը։ Նրա խոսքով՝  բոլոր այն երկրները, որոնք ժամանակին անցել էին համահարթեցման, փոշմանել և վերադարձել են պրոգրեսիվ հարման եղանակին։

Նախաձեռնության անդամներն ի նշան բողոքի՝  միջինից ցածր աշխատավարձ ստացողների եկամուտը խորհրդանշող դատարկ դրամապանակներ նետեցին կառավարության շենքի մուտքի մոտ։

Այդ ամենը հարուցեց տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանների զայրույթը։

Նրանք դժգոհեցին, որ դրամապանակները դիպել են իրենց։

«Անշնորքություն է սա, դրա համար մի բան անելուց առաջ գիտակցեք, ներողություն խնդրեք ոստիկաններից»,– բարկացած հայտարարեց ոստիկանության ծառայողներից մեկը։

Ակցիայի մասնակիցները ներողություն խնդրեցին ոստիկաններից և ծափահարեցին նրանց։

«Դատարկ դրամապանակներով մենք ուզում էինք ցույց տալ, որ միջին և բարձր խավին համահարթեցումն ավելի կաղքատացնի։ Կարծում ենք, որ կառավարությունը կվերանայի համահարթեցման դրույթը կամ կթողնի  պրոգրեսիվ հարկատեսակը, կամ կառաջարկեն մի տարբերակ, որը արդյունավետ կլինի բոլոր խավերի համար»,–լրագրողների հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամներից Անուշ Համբարձումյանը։

Կառավարությանը նամակ հանձնելուց հետո ակցիայի մասնակիցները հեռացան։