Դատախազությունում բանակում կատարված հանցագործությունների հետ կապված 10-20 տարվա վաղեմության դեպքեր կան եւ դատախազները տեսնում են, որ նման գործերում անգամ աննշան սխալները հանգեցնում են համակարգում անվստահության ձեւավորմանը եւ աճին: Մայիսի 10-ին Ազգային ժողովի նիստում «2018 թ. դատախազության գործունեության մասին» զեկույցի քննարկման ժամանակ այս մասին ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Տիգրան Կարապետյանի հարցին:

Նա հավելեց, որ կան դեպքեր, երբ գործը երկարատեւ աշխատանքի արդյունքում բացահայտվել է, սակայն հարազատները կասկածներ են ունեցել դատախազության կողմից արդարադատության եւ արդարության վերականգնման տեսանկյունից:

«Պարզվել է, որ սպանություն որպես այդպիսին չկա, այլ ինքնասպանության հերթական դեպք է եղել կամ ինքնասպանության հասցնելու փորձ, բայց հարազատները չեն հավատում դրան», - ասաց Դավթյանը:

Գլխավոր դատախազը նաեւ ներկայացրեց բանակում մահացության վիճակագրությունը, ըստ որի, 2019 թվականի առաջին չորս ամսվա ընթացքում նման գործերի թիվը երկու անգամ քիչ է եղել,  քան նախորդ տարի: Ընդ որում 2018 թ.-ին նույնպես արձանագրվել է նման դեպքերի զգալի կրճատում: «Այդ դեպքերի քանակը գրեթե կրկնակի զիջել է 2017-ի ցուցանիշին», - ասաց գլխավոր դատախազը: