Մայիսի 16-ից Նյու Յորքի զբոսաշրջիկներն այլեւս հնարավորություն չեն ունենա այցելել Ազատության արձանի թանգարանն ու Իմիգրացիայի թանգարանն Էլիս կղզու վրա մասնավոր զբոսաշրջային խմբերի կազմում: Զբոսավարների ուղեկցությամբ զբոսաշրջիկները եւս չեն կարողանա այցելել արձանի դիտահարթակը: ԱՄՆ-ի ազգային զբոսայգիների ծառայությունը (NPS), որը վերահսկում է այդ տեսարժան վայրը, ստիպված էր դիմել այդ միջոցներին զբոսաշրջիկների մեծ թվի պատճառով, հաղորդում է Turizm-ը:

Ինչպես NPS-ը նշել է, վերջին 10 տարիների ընթացքում Ազատության Արձանի ուղղությամբ տուրերի թիվն ավելացել է 600 տոկոսով: Այդ զգալի աճը հանգեցրել է անվտանգության խնդիրների առաջացմանը եւ բացասաբար է ազդել այցելուների տպավորությունների վրա: Մասնագետների գնահատմամբ՝ այդ տարածքում աշխատում են հիմնականում 250 զբոսավարներ 28 լեզուներով:

Մի շարք փորձագետներ համոզված են, որ նորամուծությունը կվնասի մասնավոր զբոսաշրջային ընկերություններին եւ միաժամանակ կուժեղացնի տեղի զբոսայգու աշխատակիցների վրա գործադրվող ճնշումը:

Այժմ Նյու Յորքի գլխավոր տեսարժան վայրը տեսնելու բոլոր ցանկացողները պետք է նախապես ամրագրեն Pedestal Reserve հատուկ տոմսը միայն NPS-ի պաշտոնական ներկայացուցիչ Statue Cruises-ի միջոցով: Տոմսի նվազագույն արժեքը 18.5 դոլար է, որում ներառված է այցելությունը տեսարժան վայր եւ թանգարաններ, երկու ուղղություններով լաստանավ զբոսավարի ուղեկցությամբ աուդիո-տուր:

Ամեն օր Ազատության Արձանն ու դրա հարեւանությամբ տեղակայված թանգարաններն այցելում է շուրջ 4.5 մլն մարդ: Զբոսայգու ղեկավարները հայտարարում են, որ մասնավոր տուրերին ուղղված այդ նորամուծությունը թույլ կտա ավելի լավ կառավարել տրանսպորտային հոսքերն ու լավացնել զբոսաշրջիկների ընդհանուր տպավորությունն այցելությունից: Նմանօրինակ սահմանափակումներն արդեն գործում են ԱՄՆ-ի այլ տեսարժան վայրերում, ինչպիսիք են 9/11 հուշահամալիրն իր թանգարանով, Ֆիլադելֆիայում Անկախության Ազգային պատմական այգին եւ Ալկատրասը Սան Ֆրանցիսկոյում: