Մայիսի 10-ին, ժամը 01.35-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «մեջքի շրջանի կտրած-ծակած վերքերով» բուժօգնության է դիմել Լեռնավան գյուղի 21-ամյա մի բնակիչ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը հիվանդանոցից տեղեկանք է ստացվել, որ երիտասարդի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք, թոքի վնասում, հեմոռագիկ 3-րդ աստիճանի շոկ եւ այլ վնասվածքներ: Հիվանդի վիճակը գնահատվել է ծանր, եւ նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Ոստիկանության Սպիտակի բաժնի ՔՀԲ ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացնելով, երիտասարդին դիտավորությամբ վնասվածքները պատճառելու կասկածանքով, մայիսի 10-ին, ժամը 14.30-ին, բաժին բերման են ենթարկել 32-ամյա Հովիկ Չ․-ին։

Նա բացատրություն է տվել, որ մայիսի 10-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Լեռնավան գյուղի կենտրոնական հատվածում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, դանակով 3 անգամ հարվածել է համագյուղացու թիկունքին։

Ձեռնարկվում են միջոցներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, եւ նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Սպիտակի քննչական բաժին:

Քննությունը շարունակվում է։