Իշխանությունից հեռացված նախկին նախագահ Օմար Ալ-Բաշիրը իրեն մեղավոր է ճանաչել կոռուպցիայի եւ փողերի լվացման մեջ՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Թերթի տվյալներով, զինվորականների կողմից տապալված նախկին ղեկավարն «ընդունել է իր դեմ առաջադրված կոռուպցիայի, արտարժույթի անօրինական շրջանառության եւ փողերի լվացման մեղադրանքները»։

Ինչպես գրում է «Ալ Ջարիդան», Սուդանի գլխավոր դատախազի կողմից անցկացված հարցաքննության ընթացքում նախկին նախագահը ընկճված է եղել։

ԶԼՄ-ների տվյալներով, ավելի վաղ Ալ-Բաշիրի տանը խուզարկության ժամանակ գտել են 6 միլիոն եվրո, 351 000 դոլար, ինչպես նաեւ տեղական արժույթի խոշոր գումար։

Թերթը հայտնում է, որ Սուդանի գլխավոր դատախազությունը համաձայնել է նոր գործ բացել նախկին նախագահի դեմ՝ կապված 1989թ․ ռազմական հեղաշրջման հետ, որի հետեւանքով Օմար Ալ-Բաշիրը եկել է իշխանության։