Լիտվայում կիրակի ընթացող նախագահական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերից մեկում տեղադրված ռումբի մասին ահազանգը չի հաստատվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ոստիկանության բաժանմունքին:

«Կեղծ հաղորդագրություն տարածած կասկածյալը բերման է ենթարկվել»,-նշել է ոստիկանությունը: «Ռումբի մասին հայտնած անձը քաջ ծանոթ է ոստիկանությանը: Դա պայթեցնելու սպառնալիքով նրա արդեն յոթերորդ կեղծ հաղորդագրությունն է»,-պարզաբանել են բաժանմունքում:

Այսօր՝ տեղական ժամանակով 07:00-ին, Լիտվայում բացվել են շուրջ 2 հազար ընտրատեղամասեր, որոնք կգործեն մինչեւ 20:00-ն: Ընտրելու իրավունք ունեցող 2,472 մլն քաղաքացիները (բնակչության ընդհանուր թիվը կազմում է 2.8 մլն) ընտրում են  երկրի նախագահին ինը թեկնածուներից: Փորձագետների կարծիքով եւ սոցիոլոգիական հարցումների տվյալների համաձայն՝ նախագահական մրցավազքում ֆավորիտներն են 54-ամյա տնտեսագետ Գիթանաս Նաուսեդան, 44-ամյա ֆինանսների նախկին նախարար Ինգրիդա Շիմոնիտեն եւ 48-ամյա վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսը: Լիտվայի ներկայիս նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն պաշտոնավարում է երկրորդ ժամկետով եւ երրորդին չի կարող հավակնել:

Հաղթանակի համար թեկնածուն պետք է հավաքի ձայների ավելի քան 50 տոկոսը: Եթե կիրակի թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի դա անել, երկու շաբաթ անց կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը: