Թաիլանդում Մայա ծովածոցը, որը դարձել էր սեփական հանրաճանաչության զոհը Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ հայտնի «Լողափ» ֆիլմում հայտնվելու պատճառով, կարող է փակ մնալ զբոսաշրջիկների համար եւս երկու տարվա կրտվածքով, հաղորդում է CNN-ը:

Լողափը փակ էր մեկ տարվա ընթացքում եւ, հավանաբար, զբոսաշրջիկների այցելությունների համար արգելքը կերակարաձգվի եւս երկու տարով, հեռուստաալիքին հայտնել է Թաիլանդի Ազգային պարկերի վարչության տնօրեն Սոնգթամ Սուքսավանգը:

«Մենք կուսումնասիրենք, թե երբ լողափը պատրաստ կլինի ընդունել զբոսաշրջիկներին: Մեզ անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ բնությունը վերականգնելու համար: Մեր թիմը վերագնահատում է իրավիճակը եռամյսա կտրվածով»,-ասել է Սուքսավանգը:

2018 թվականի հունիսից լողափը փակ է տեղանքի կորալների վերականգնմանն ուղղված ծրագրի շրջանակներում:

Անցյալ տարի ծոցի շրջակայքում աճեցրել են շուրջ 10 000 կորալներ:

Մայա ծովածոցը դարձել էր զբոսաշրջիկների այցելության սիրելի վայրը, երբ 2000 թվականին ցուցադրվել է հայտնի  «Լողափ» ֆիլմում: