Կես դար առաջ անհետացած վառ նարնջագույն Lamborghini Miura P400 ավտոմեքենան, որը նկարահանվել է 1969 թվականի «Գողություն իտալական ձեւով» («Իտալական աշխատանք») հանրահայտ ֆիլմում, կրկին գտնվել է եւ վերականգնվել կինոնկարի 50-ամյակի նախօրեին, որը նշվելու է այդ տարի հունիսին, հաղորդում է Fox News-ը:

Դա հենց այն ավտոմեքենան է, որի ղեկին էր դերասան Ռոզանո Բրացին նախքան այն, երբ ֆիլմի սյուժեով նա բախվել է բուլդոզերին ու ընկել ժայռից ներքեւ:

Ընդ որում՝ Lamborghini-ն բացահայտել է գաղտնիքը, որը հայտնի էր միայն քչերին: Ֆիլմում կար երկու վառ նարնջագույն Lamborghini: Դրանցից մեկը գնվել էր ֆիլմի հեղինակների կողմից արդեն իսկ վնասված վիճակում ժայռից անկման պահը նկարահանելու համար, իսկ երկրորդը՝ նորը, վարձակալվել, այնուհետեւ վերադարձվել տիրոջը:

Իր երկար կյանքի ընթացքում այդ դասական ավտոմեքենան բազմիցս կերպարանափոխվել է այնպես, որ մասնագետները երկար ժամանակ փորձում էին համեմատել դրա ներկայիս տեսքը երբեմնի տեսքի հետ:

Հայտնի է, որ անցյալ տարի ավտոմեքենան գնել էր Լիխտենշտեյնից Ֆրից Կայզեր անունով մասնավոր կոլեկցիոները, որն այնուհետեւ հարցում էր ուղարկել Lamborghini-ի պատմական կենտրոն իր ավտոմեքենայի պատմությանը տեղեկանալու համար:

Հայտնի չէ՝ ինչ գնով է Կայզերը ձեռքբերել մեքենան, սակայն ներկայումս Lamborghini Miura մոդելի արժեքը տատանվում է 1 մլն դոլարի շրջանում: