Բաղդադում ԱՄՆ դեսպանությունը ամերիկացիներին խորհուրդ է տվել չայցելել Իրաք՝ երկրում «բարձր լարվածության» պատճառով։ Համապատասխան ծանուցումը ամերիկացիների համար տարածել է պետդեպարտամենտը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Բաղդադում ԱՄՆ դեսպանությունը տեղեկացնում է ԱՄՆ բոլոր քաղաքացիներին Իրաքում լարվածության բարձրացման եւ զգոնություն ցուցաբերելու պահանջի մասին»,- ասված է փաստաթղթում։ Դիվանագիտական առաքելությունը խորհուրդ է տվել «չճամփորդել Իրաք», խուսափել այն վայրերից, որտեղ հաճախ հավաքվում են ամերիկացիները, «ուշադրություն չգրավել» եւ «ուշադիր լինել շրջակայքի հանդեպ»։

Ամերիկյան ԶԼՄ-ները խորհուրդների հրապարակումը կապել են Վաշինգտոնի վարչակազմի որոշման հետ՝ Իրան, ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության օպերատիվ պատասխանատվության գոտի ուղարկել ՌԾՈւ հարվածային խումբ Abraham Lincoln ավիակրով եւ B-52 ռմբակոծիչներով։ Դրա մեջ մտնում են, նախ եւ առաջ, Մերձավոր Արեւելքը եւ Հյուսիսային Աֆրիկան։

Երեքշաբթի ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչները հայտարարել էին, որ Վաշինգտոնը տեղեկություն է ստացել Իրանի կողմից Մերձավոր Արեւելքում ամերիկյան ուժերի վրա հարձակում պատրաստելու մասին։ Անցած շաբաթ պետքարտուղար Մայք Պոմպեոն չեղարկել է այցը Գերմանիա եւ դրա փոխարեն չնախատեսված ուղեւորություն կատարել Բաղդադ, որը, ըստ նրա, պետք է հաստատեր ԱՄՆ-ին «ինքնիշխան եւ անկախ» Իրաքի աջակցությունը հարեւան Իրանի «միջամտության հարցում»։