2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած  հեղափոխությունը  «ռոմանտիզմի հաղթանակ էր պրագմատիզմի նկատմամբ», ՌԲԿ ՏՎ-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սակայն այնուամենայնիվ դրա համար հարկովոր է եղել գումար ծախսել, ասել է նա՝ պատասխանելով թղթակցի դիտարկմանը, թե ցանկացած հեղափոխություն որւեէ մեկը ֆինանսավորում է:

Վարչապետը նշել է, որ որեւէ մեկի առաջ ստվերային պարտավորություններ չունի, քանի որ հեղափոխության համար գումարները նա ստացել է հասարակ մարդկանցից:

Փաշինյանի խոսքով՝ առանց սոցցանցերի հեղափոխությունն ընդհանրապես անհնար կլիներ:

«Մենք մեր հեղափոխության համար մոտ 200 հազար դոլար ենք ծախսել: Որտեղի՞ց  հայտնվեցին այդ փողերը: Մարդկանցից ենք խնդրել: Մենք ունեինք էլեկտրոնային դրամապանակ եւ բոլոր երկրներից հայերը , ընդ որում մեծ մասը Ռուսաստանից, մեզ փող էին նվիրաբերում: Մենք ծախսել ենք այդ փողերը եւ հեղափոխության ընթացքում մենք ամեն շաբաթ հրապարակում էինք որքան գումար եւ ինչի համար ենք ծախսել», — պատմել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝  նման մոտեցումը հեղափոխականներին թույլ է տվել պարտք չմնալ այս կամ այն շրջանակներին:

 «Ահա թե ինչու ինձ եւ մեր կառավարության մոտ ոչ մի ստվերային պարտավորություն չկա՝ ոչ մի անձի կամ ընկերության  առաջ», —նկատել է վարչապետը:

Նրա խոսքով՝  արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»:

«Սիրո հեղափոխության» հաղթանակի մյուս կարեւոր պայմանը Փաշինյանն անվանել է սոցցանցերի հայտնվելը:

«Երբ ես դուրս եկա բանտից (2009 թվականին  Փաշինյանը կալանավորվել էր 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններին մասնակցելու համար եւ դատապարտվել 7 տարվա ազատազրկման, սակայն 2011 թվականի մայիսի 11-ին համաներմամբ ազատ էր արձակվել-ՌԲԿ), ես տեսա, որ կա YouTube, կա Facebook, կա Twitter: Եվ սկսեցի հասկանալ, որ ընդդիմադիր գործչի համար այդ հաղորդակցությունները օգտագործելու հնարավորություն կա...

Երբ ես պատգամավոր դարձա,  իմ ելույթները հրապարակում էի Facebook-ի էջում եւ  YouTube-ում:

2016-ին իմ բոլոր ելույթների դիտումներն ընդհանուր վերցրած մոտ 10-15 մլն էին: Աշխարհում 10 մլն հայ է ապրում: Դա նշանակում է, որ տեսականորեն կարելի է ասել, որ ամեն մի հայ գոնե մեկ անգամ տեսել է իմ ելույթը», — ասել է Փաշինյանը: