Վիտալի Բալասանյանը, որպես Անվտանգության խորհրդի քարտուղար, չպետք է հայտարարություններ անի, որոնք կարող են թուլացնել մեր անվտանգությունը: Մայիսի 13-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ նման կարծիք հայտնեց Պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ մեկնաբանելով Բալասանյանի այն հայտարարությունը, որ ավելի լավ կլիներ, եթե Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման մասին Ղարաբաղի նախագահների խնդրանքը բավարարվեր:

Քոչարյանի կարծիքով, ոչ մի քաղաքական գործիչ սկզբունքորեն, իրավունք չունի հայտարարություններ անել, որոնք կարող են թուլացնել պետական անվտանգության համակարգը:

Միեւնույն ժամանակ, նա բավարար համարեց  ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի պատասխանը, որը Բալասանյանի հայտարարությունը լիովին «տարօրինակ» էր համարել:

Խորհրդարանական հանձնաժողովի նախագահը նաեւ հավելեց, որ նման հայտարարություններն ու վարքագիծը բավական բացասական ազդեցություն ունեն հասարակության վրա: «Դա ոչ միայն վտանգ է ներկայացնում մեր պետական անվտանգության համակարգի համար, այլեւ վիրավորում է մեր հասարակական ինքնասիրությունը: Չի կարելի այդպես վարվել », - դժգոհեց Անդրանիկ Քոչարյանը: