Հրադադարի համաձայնագրի ստորագրումը, որն առայսօր հակամարտության կարգավորման գործընթացում միակ իրական ձեռքբերումն է, հնարավոր է դարձել մի շարք գործոնների շնորհիվ: Այս մասին հյայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն:

Հայտարարությունում մասնավորապես, ասվում է.

«25 տարի առաջ ուժի մեջ է մտել Կրակի եւ ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրվել է Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից՝ Ռուսաստանի միջնորդությամբ: 1994 թ. հուլիսի 26-27-ը, լրացուցիչ պայմանագիր ստորագրելով, բոլոր երեք կողմերը հաստատել են հրադադարի ռեժիմի անժամկետ բնույթը՝ ընդհուպ մինչեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը:

1994 թ. մայիսի 12-ի Համաձայնագիրն ունի առանցքային նշանակություն, քանի որ այն վերջ դրեց ադրբեջանական իշխանությունների կողմից սանձազերծված պատերազմին, հակամարտությունը տեղափոխեց քաղաքական-դիվանագիտական հուն եւ պայմաններ ստեղծեց, որպեսզի կողմերը միջազգային միջնորդների աջակցությամբ կարողանան իրենց ջանքերն անմիջականորեն կենտրոնացնեն բանակցությունների միջոցով հակամարտության վերջնական կարգավորման ուղիներ փնտրելու վրա։

Սույն Համաձայնագրի ստորագրումը, որն առայսօր հակամարտության կարգավորման գործընթացում միակ իրական ձեռքբերումն է, հնարավոր է դարձել մի շարք գործոնների շնորհիվ: Նախ` Արցախի Պաշտպանության բանակին հաջողվեց հետ մղել Ադրբեջանի զինված ագրեսիան, լրջորեն խաթարել Բաքվի ռազմական ներուժը եւ հարկադրել նրան նստել բանակցային սեղանի շուրջ:

Երկրորդ, հայտնվելով լուրջ ռազմական պարտությունների առջեւ, Ադրբեջանի ղեկավարությունը ոչ միայն դադարել էր խոչընդոտել բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավվածությունը՝ որպես հակամարտության հիմնական կողմերից մեկը, այլեւ հենց ինքն է բազմիցս նախաձեռնել պաշտոնական Ստեփանակերտի հետ անմիջական շփումներ, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով: Այս շփումների շնորհիվ ձեռք է բերվել շուրջ 10 պայմանավորվածություն՝ ռազմական գործողությունների սահմանափակման, ժամանակավոր հրադադարի կամ դրա երկարաձգման մասին, ինչն էլ արդյունքում հանգեցրել է Կրակի եւ ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին անժամկետ համաձայնագրի ստորագրմանը։

Այսօր՝ 25 տարի անց, 1994 թ. մայիսի 12-ի Համաձայնագիրը շարունակում է մնալ հրադադարի ռեժիմի եւ Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության պահպանման իրավական հիմքը: Այս փաստն անվերապահորեն ընդունված է միջազգային հանրության կողմից, ինչի մասին վկայում է 2016 թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան պատերազմին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի, ինչպես նաեւ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ Գործող նախագահի եւ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի արձագանքը, ովքեր կոչ են արել խստորեն հետեւել 1994 թ. մայիսի 12-ի կրակի լիակատար դադարեցման մասին Համաձայնագրին եւ 1995 թ. փետրվարի 6-ի հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին Համաձայնագրին:

Կրակի լիակատար դադարեցման մասին Համաձայնագրի գործունությունը հաստատում է, որ կարգավորման գործընթացում իրական հաջողության հասնել հնարավոր է բանակցությունների լիարժեք եռակողմ ձեւաչափում, որը, միջազգային իրավունքի համաձայն, հաշվի է առնում հակամարտության բոլոր կողմերի շահերն ու  մտահոգությունները:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գտնում է, որ հակամարտության կարգավորմանն անհրաժեշտ խթան հաղորդելու համար հարկ է, մի կողմից, վերսկսել ուղղակի եռակողմ բանակցությունները, մյուս կողմից, հետեւողականորեն ամրապնդել հրադադարի ռեժիմը, այդ թվում նաեւ` դրա վերահսկման միջազգային մեխանիզմի ներդրման միջոցով, որը նախատեսված է 2016 թ. Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններով:

Կարեւոր է նաեւ վերականգնել հակամարտող ուժերի սահմանազատման գիծը, որը ռազմական գործողությունների դադարեցման ժամանակ երեք կողմերի միջեւ համաձայնեցվել եւ ամրագրվել է ՌԴ Պաշտպանության նախարարության միջնորդությամբ` որպես հրադադարի ռեժիմի բաղկացուցիչ մաս:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում հրաժարվել դրա ուժային լուծման անհեռանկարային քաղաքականությունից, ինչը թույլ կտա անշրջելի դարձնել խաղաղ գործընթացը եւ տեւական խաղաղություն ու կայունություն հաստատել Հարավային Կովկասի տարածաշրջանում: